Մնացական Սաֆարյանը Իվանա Ժիվկովիչի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և ՄԱԶԾ միջև հաստատված ակտիվ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՔ փոխտեղակալի՝ Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման և փոխակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով այդ ուղղությամբ ՄԱԶԾ շարունակական ներգրավվածությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակման և ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական մարտահրավերները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում կայուն զարգացման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների երկարաժամկետ զարգացման կարիքների բավարարման ուղղությամբ: