Սի Ծինփինը ժամանել է Սերբիա
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի գիշերը ժամանել է Սերբիա. սա վերջին ութ տարվա ընթացքում նրա առաջին այցն է բալկանյան երկիր: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանի ղեկավարը մայիսի 7-8-ը պետական այցով կգտնվի Սերբիայում, ինչը, ինչպես ավելի վաղ նշել էր Չինաստանի ԱԳՆ-ն, «կարևոր հանգրվան կլինի չին-սերբական հարաբերությունների բարելավման և թարմացման գործում»:
Հատկանշական է, որ Սի Ծինփինն իր այցը կատարել է Բելգրադում Չինաստանի դեսպանատան ՆԱՏՕ-ի կողմից ռմբակոծության տարելիցի օրը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը Politika-ի համար գրած հոդվածում նշել է, որ Չինաստանը միշտ կհիշի 1999 թվականին ՆԱՏՕ-ի օդուժի հարձակումը դիվանագիտական առաքելության վրա, ինչը հանգեցրել է 3 չինացի լրագրողի մահվան։
Ավելի վաղ սերբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սի Ծինփինի անվտանգությունն ապահովելու համար հատկացվել է մոտ 3,4 հազար ոստիկան։
Չինաստանի ղեկավարը Բելգրադ է ժամանել Ֆրանսիայից, որտեղ գտնվում էր եռօրյա պետական այցով: