«Թալիբանը» վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի եւս մեկ նահանգի մայրաքաղաքը, տեղեկացնում է AP-ը։

Վերջին շաբաթներին գրոհայիններն ակտիվացրել են հարձակումները Աֆղանստանի մեծ մասում՝ գրոհելով նահանգների մայրաքաղաքները։

Դա տեղի է ունենում՝ չնայած միջազգային հանրության դատապարտմանը եւ Միավորված Ազգերի Կազմակերպության նախազգուշացումներին այն մասին, որ թալիբների ռազմական հաղթանակը եւ իշխանության զավթումը չեն ճանաչվի։ «Թալիբանը» նաեւ արհամարհել է Աֆղանստանի կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու եւ փակուղի մտած խաղաղ բանակցությունները շարունակելու կոչերը։

Հյուսիսային Սարի Փուլ նահանգի խորհրդի ղեկավար Մոհամադ Նուր Ռահմանիի խոսքով՝ թալիբները զավթել են նահանգի մայրաքաղաքը աֆղանական անվտանգության ուժերի ավելի քան մեկշաբաթյա դիմադրությունից հետո, ինչից հետո Սարի Փուլ քաղաքն ավերվել է։ Նրա խոսքով՝ կառավարական ուժերը լրիվ դուրս են բերվել նահանգից։

Կառավարամետ մի քանի հրամանատարներ հանձնվել են թալիբներին առանց մարտի, ինչը թույլ է տվել ապստամբներին վերահսկողություն հաստատել ամբողջ նահանգում, ավելացրել է նա։

Սարի Փուլը չորրորդ մայրաքաղաքն է, որն այժմ լիովին վերահսկվում է թալիբների կողմից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն