Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենայն հավանականությամբ, հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։
Հավանաբար, անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։
Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները.
պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,
պաշտոնապես հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից,
ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը,
փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը,
կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները,
հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,
ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով,
մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված ուժերն իրենց դիրքերից,
Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ միջանցքների, կամ այլ անվան տակ,
Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,
դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը,
մոռանալ Բաքվի բանտերում խոշտանգվող պատանդներին ու ռազմագերիներին, և երբեք չպահանջել նրանց հետհանձնումը Հայաստանին։
Նշված պահանջների տրամաբանական համակցությամբ ստացվում է, որ պահանջում են.
ներդաշնակեցնել ու համապատասխանեցնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը թուրք-ադրբեջանական միության քաղաքական օրակարգին,
հրաժարվել Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական եղանակներից, և ապավինել թուրք ադրբեջանական միության բարեհաճությանը։
Եթե փորձենք մի փոքր էլ տրամաբանել ու կանխատեսել, ապա ստացվում է, որ թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը։ Վերջինս այն է, ինչի վերաբերյալ պաշտոնական պահանջ դեռևս չի ներկայացվել ։
Տեղեկացրեք անտեղյակներին, և եթե նույնիսկ տեղեկանալուց հետո կհաշտվեն այդ ամենի հետ, ապա կարող են շարունակել մնալ անհաղորդ, անտարբեր, և «զբաղվել իրենց գործով»»։