ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Դա նրա առաջին արտասահմանյան այցն է հինգերորդ նախագահական ժամկետում։ Վերջին անգամ Պուտինը Չինաստանում է եղել 2023 թվականի հոկտեմբերին։

Պեկինի Ժողովրդական հավաքների տան հրապարակում տեղի է ունեցել դիմավորման շքեղ արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են թնդանոթների համազարկերով։

Հինգշաբթի առավոտյան Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները բանակցություն են վարել, որը տևել է երկուսուկես ժամ: Սի Ծինպինը շնորհավորել է Պուտինին պետության ղեկավարի պաշտոնը հինգերորդ ժամկետով ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դարձել են «խոշոր տերությունների հարաբերությունների չափանիշ»:

Ռուսաստանի նախագահն էլ հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը միջազգային ասպարեզում հիմնական կայունացնող գործոններից մեկն է: Պուտինը նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերն է առևտրատնտեսական ոլորտում, 2023 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ քառորդով և հասել 227 միլիարդ դոլարի։

Բանակցությունից հետո երկու երկրի ղեկավարները ստորագրել են «համապարփակ գործընկերության խորացման մասին» հայտարարություն։

Ենթադրվում է, որ Պուտինի պաշտոնական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 17-ը։ Պուտինին ուղեկցում են ՌԴ պաշտպանության նորանշանակ նախարար Անդրեյ Բելոուսովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Յուրի Ուշակովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն