ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Ասքանազ Մխիթարյանը հարցրել է․ «Ինչպե՞ս կգնահատեք Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը  Ալմաթայում։ Ի՞նչ սպասել  նման բանակցություններից»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Բոլոր նմանատիպ բանակցությունները ունեն երեք հիմնական վտանգ՝ Հայաստանը ներկայացված է Նիկոլով, չկան միջազգային միջնորդներ, ուստի չկան միջազգային երաշխիքներ։ Այս արտասովոր, ես կասեի` հանցավոր ալգորիթմը պետք է կոտրել, հատկապես` առաջին կետով։ Հակառակ դեպքում շարունակվելու է նույն սցենարը։

Ադրբեջանի և Նիկոլի միջև գործող սխեման պարզ է. Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով։ Սա է  նման «բանակցությունների» ողջ բովանդակությունը։

Մի առանձին ողբերգություն էլ այն է, որ Հայաստանը որպես ԱԳ նախարար ներկայացնող անձը անգամ խորհրդարանական  դիվանագիտության մակարդակում չէր փայլում, ուստի մի զարմացեք, թե ինչու էր նա զմայլվում Ալմաթայի հռչակագրին նվիրված ցուցափեղկով։

Զավեշտի շարքից է նաև, որ նա  «դասալիք» է անվանում Նիկոլի հետ  անհամաձայնություն հայտնած և իրենց պաշտոնները թողած դիվանագետներին, բայց այդ նույն Նիկոլի մոտ, ով հենց նույն օրերին հրապարակավ հրաժարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի համար պայքարից, նախարար է աշխատում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն