Իշխանությունները ձեռնպահ են մնում Ղարաբաղին վերաբերով բոլոր հարցերից. Արամ Վարդեւանյան
Հայաստանի ներկայիս իշխանությունները ձեռնպահ են մնում Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերի մասով, եւ այդ մոտեցում նրանք ցուցաբերեցին խորհրդարանում համապատասխան հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկության ժամանակ: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերից Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները չեն այցելել Ղարաբաղ, եւ այժմ իրավիճակը փոխվել է, մարդիկ կորցրել են իրենց տները, կան բազմաթիվ խնդիրներ, բայց իշխանությունները ձեռնպահ են մնում այդ բոլոր հարցերից:
Վարդեւանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը հրապարակավ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարությունն ընդդիմությանը փոխանցելու պահանջ է ներկայացրել, քանի որ հենց դրան առընթեր է ձեւավորվում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը: «Նման որոշում կայացնելու համար ոչ մի խոչընդոտ չկար, բայց եղավ այն, ինչ եղավ:
«Հայաստան» խմբակցությունն իշխանությունների հետ որեւէ քննարկման չի գնացել, եւ իրադարձությունների նման զարգացումը կանխատեսելի էր»,- հավելեց պատգամավորը:
Նրա պնդմամբ՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ խորհրդարանում ելույթների ժամանակ երկակի ստանդարտներ են կիրառվում: «Երբ դահլիճում աղմուկ է բարձրանում իմ կամ գործընկերներիս ելույթների ժամանակ, կարգապահական միջոցներ չեն ձեռնարկվում, ինչը չի կարելի ասել իրավիճակների մասին, երբ ելույթ է ունենում իշխող կուսակցության պատգամավորը»,- ընդգծեց Արամ Վարդեւանյանը: