Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ին 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում վերաբաշխում անել կատարողների միջև 2 մլրդ 920 մլն դրամի չափով: Արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ) կփոխանցվեն 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 23-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախագծով նախատեսվում է նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ՝ 31 մլն 448 հազար դրամի չափով, իրենց խնայողությունների հաշվին անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու և աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց՝ դպրոցների հիմնանորոգումների փաթեթ է պատրաստվում, որում ներառված են 80-ականներից հետո կառուցված դպրոցները: Վերջիններս շենքային գնահատման պայմանների տեսանկյունից համարվում են բավարար, և ըստ փոխվարչապետի՝ այդ կառույցներում նախատեսվում է լուծել ջերմակայունությանը, սանիտարական պայմաններին, նորացման-թարմացմանն առնչվող խնդիրները:

«Այս ամռանն արդեն առնվազն 50 դպրոցների փաթեթ կունենանք, և դրանք նույնպես կբերենք Կառավարության հաստատմանը: Մեր պլանն է՝ այս երկրորդ խումբն առնվազն 150-ի հասցնել: Առանձնահատկությունն այն է, որ այս 50-ի օրինակով կփորձարկենք, կհասկանանք՝ ինչ եղանակով ենք մենք առանձնացնում, ընդհանուր մոտեցումներ կամրագրենք, և արդեն հաջորդ տարվա ընթացքում կշարունակեք մյուս 100-ը»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ որակի ստանդարտի հետ կապված խնդիրների մասով պետք է աշխատանք տարվի: Փաշինյանին զեկուցվեց, որ որոշ տեղերում այդ մասով խնդիրներ արձանագրվում են: Անգամ լինում է, որ որոշում է կայացվում ապամոնտաժել կառույցը: Նմանատիպ խնդիր է արձանագրվել, օրինակ, Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում, որտեղ մասնաշենք է ապամոնտաժվել:

ԿԳՄՍ նախարարն արձագանքեց՝ շինարարության ավարտով խնդիրները չեն ավարտվում, որովհետև շահագործման հանձնված դպրոցները պետք է նաև պատշաճ պահպանվեն, և պետք է լինի սրտացավ վերաբերմունք իրականացված ներդրման, ձեռքբերված գույքի նկատմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն