Իրավական կարգը Հայաստանում կազմաքանդված է, ներկայումս ինչ տեղի է ունենում, դրա հետեւանքն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ընտրական քրեական գործերի հարուցումներ, մեղադրանքների առաջադրումներ, խափանման միջոցների կիրառումներ, ձեւական սահմանափակումներ։ Ենթադրում էր, որ այսօր քննարկում ենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, մինչդեռ հասկացա ելույթից, որ մենք քննարկում ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Եթե անձը ներկայացնում է ամբողջ ԱԺ-ն, ապա առնվազն պետք է հիշատակեր իրավական այն զավեշտը, որ դրված է ըննդիմադիր խմբակցության առնվազն 2 պատգամավորների նկատմամբ՝ անձեռնմխելիության իրավունքի խախտումով»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Ղազինյանը նշեց, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առնվազն 15 պատգամավորի, նաեւ իր նկատմամբ այս պահին իրականացվում է քրեական հետապնդում. «Նոյեմբերի 11-ին նախաձեռնվեց հանրահավաք ռազմական դրության պայմաններում, հարուցվեց քրեական գործ, մեղադրանք առաջադրվեց եւ կիրառվեց խափանման միջոց։ Այս 9 ամսվա ընթացքում մեկ անգամ է քննչական գործողություն կատարվել։ Հերթական աննախադեպն եք գրանցել. առաջին անգամ է Հայաստանում ձեւավորվում Խորհրդարան, որտեղ առնվազն 16 հոգի գտնվում է քրեական հետապնդման տակ, 16-ն էլ գտնվում են ընդդիմության կողմից»։
Նա ասաց, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կողմնակալ է. «Նա հեռվացել է իրավունքից, չի գտնվում իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ հավասարության դիրքերում»։