«Ձեր ասած տուլիկները հիմա էլ են ծնողներն ուղարկում». Արեգնազ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ 2000-2002 թվականներին իր ծառայության ընթացքում հացի եւ ջրի կարիք է ունեցել, սոված եւ ծարավ է մնացել։ Ձեր քաղաքական առաջնորդն էլ հայտարարում էր, որ մինչեւ իշխանությանը գալը բանակում անգամ ներքնաշորի խնդիր է եղել, արդյոք այս հարցերը բարձրացրե՞լ եք Պաշտպանության հանձնաժողովում, հետաքրքվե՞լ եք՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի ծառայության տարիներին Պաշտպանության փոխնախարար, թիկունքի պետ, բանակին հացով, ջրով, ներքնաշորով ապահովելու անմիջական պատասխանատու Գագիկ Մելքոնյանը հայտնվել է ձեր ցուցակում, դարձել է պատգամավոր։ Եթե Ալեն Սիմոնյանը սոված ու ծարավ է մնացել, ստացվում է, որ մեղավորը Գագիկ Մելքոնյանն է»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանի տեսակետը կիսել են շատ ընտանիքներ. «Այդ ժամանակ շատ ծնողներ տուլիկներ էին ուղարկում։ Բանակում հիմա բազմազանություն կա սննդի մեջ։ Պետք է լինի որոշակի բազմազանություն, որպեսզի որեւէ մեկի աչքը մնա։ Կարծում եմ՝ նման խնդիրների լուծմամբ պետք է ուրախանալ, ոչ թե ասել՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած տեսակետը պահպանվե՞լ է, Գագիկ Մելքոնյանն ինչքան մասնակցություն ունի նախկին սննդակարգի ձեւավորման մեջ։ Գագիկ Մելքոնյանին մեղադրելուց առաջ կարող եք մեղադրել նաեւ Սեյրան Օհանյանին։ Գուցե այդ ժամանակ հնարավորություններն այդպիսին են եղել»։
Արեգնազ Մանուկյանն արձագանքեց, նշելով, որ ինքը մեղադրանք չի հնչեցրել. «Ես ոչ թե մեղադրանք հնչեցրի, այլ մեջբերեցի Ալեն Սիմոնյանի խոսքերը եւ ասացի՝ եթե այդպես է եղել, ապա մեղավոր է Գագիկ Մելքոնյանը։ Ձեր ասած տուլիկները հիմա էլ են ծնողներն ուղարկում։ Տվել եք հարց՝ ինչո՞ւ են գնվել չօգտագործվող ՍՈՒ-եր, ինչո՞ւ էր ասվում, որ օդը փակ է, պարզվեց, որ պաշտպանված չէ, ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցվեց։ Որքանո՞վ է օբյեկտիվ այդքանից հետո հավակնել նույն այդ պաշտոնին»։
«Եթե դուք մեղադրում եք Գագիկ Մելքոնյանի վատ աշխատանքը, պետք է նույն կերպ մեղադրեք Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վատ աշխատանքը, որովհետեւ այդ ժամանակ ուժային կառույցները ղեկավարում էին իրենք»,- իր արձագանքում նշեց Անդրանիկ Քոչարյանը։