Google-ի որոնման համակարգի ալգորիթմի վերաբերյալ համացանցում հայտնվել են ուշագրավ փաստաթղթեր
Օրեր առաջ տեղի է ունեցել Google-ի ներքին փաստաթղթերի լայնածավալ արտահոսք, որը ընկերության որոնման համակարգի ալգորիթմի աշխատանքի հետ է կապված։ Ըստ որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) փորձագետ Ռանդ Ֆիշկինի, որն առաջինն է հայտնել արտահոսքի մասին, այն ներառում է 2500 էջ գաղտնի փաստաթղթեր:
Փաստաթղթերը, ինչպես նշվում է, պարունակում են աննախադեպ մանրամասներ այն մասին, թե ինչպես է Google-ը վերլուծում և դասակարգում վեբ էջերը որոնման արդյունքներում: Դրանք նաև պարունակում են տեղեկատվություն, որը, ըստ ամենայնի, հակասում է որոնման ալգորիթմի աշխատանքի վերաբերյալ Google-ի ներկայացուցիչների կողմից արված որոշ հրապարակային հայտարարություններին։
Փաստաթղթերում, մասնավորապես, նշվում է վեբ էջերի վերլուծության և դասակարգման համար Google Chrome բրաուզերի տվյալների օգտագործման մասին։ Մինչդեռ, Google-ի ներկայացուցիչները նախկինում բազմիցս հերքել են, որ Chrome-ի տվյալները որևէ կերպ ազդում են որոնման մեջ կայքերի վարկանիշի վրա։
Խոսքի և գործի անհամապատասխանության ևս մեկ օրինակ վերաբերում է EEAT-ի (փորձաքննություն, հեղինակություն, վստահելիություն) միավորին, որը Google-ն օգտագործում է տեղեկատվության աղբյուրների հուսալիությունը գնահատելու համար: Ըստ արտահոսքի՝ Google-ը ակտիվորեն վերահսկում է էջերի բովանդակության հեղինակային հատկանիշները, ինչը կարող է ազդել EEAT-ի վարկանիշի վրա: Մինչդեռ, ընկերության ներկայացուցիչները նախկինում հայտարարել են, որ EEAT-ը վարկանիշային գործոն չէ:
Բացի այդ, փաստաթղթերը պարունակում են տեխնիկական մանրամասներ այն մասին, թե ինչ տվյալներ է Google-ը հավաքում վեբ էջերից և կայքերից, ինչպես են մշակվում քաղաքականապես զգայուն թեմաների հարցումները, ինչ ազդանշաններ են օգտագործվում փոքր, ցածր տրաֆիկ ունեցող կայքերը վերլուծելու համար:
Ռանդ Ֆիշկինը և SEO-ի այլ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են փաստաթղթերը, ասում են, որ Google-ը լիովին անկեղծ և թափանցիկ չի եղել որոնման ալգորիթմի աշխատանքի հարցում: Նրանց կարծիքով, ընկերությունը միտումնավոր թաքցրել է որոշ ասպեկտներ՝ մրցակից կայքերին մոլորեցնելու համար։
Ֆիշկինը լրագրողներին և փորձագետներին կոչ է անում ավելի քննադատաբար վերաբերվել Google-ի հրապարակային հայտարարություններին և չընդունել ամեն ինչ: Նրա կարծիքով՝ այս արտահոսքը պետք է պատճառ դառնա Google-ի որոնման ալգորիթմի իրական գործունեության ավելի մանրակրկիտ վերլուծության՝ ի տարբերություն ընկերության պաշտոնական դիրքորոշման։
Google-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրենց ուղղված մեղադրանքները։ Սպասվում է, որ ընկերությունն այս կապակցությամբ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։