Իրանում առավոտյան սկսվել է 14-րդ՝ արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, որը կտևի մինչև հունիսի 3-ը: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն Պահապանների խորհրդի կողմից՝ նախագահի պաշտոնի հավակնորդի որակավորումների համապատասխանությունը պարզելու նպատակով: Հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Ցուցակի հրապարակումից հետո յուրաքանչյուրը կունենա 15 օր նախընտրական արշավի համար։

Ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին նախատեսված է երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավել թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում նախագահն ընտրվում է ուղղակի ընդհանուր քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով, և պաշտոնը կարող է զբաղեցնել երկու անընդմեջ ժամկետից ոչ ավելի: Թեկնածու կարող է դառնալ Իրանի՝ 40-ից մինչև 75 տարեկան քաղաքացին, որն ունի իրանական ծագում և պետական ​​մարմիններում ղեկավար պաշտոնում աշխատելու փորձ:

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, քանի որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա հետ ուղղաթիռում էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 8 հոգի, զոհվել են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն