Հնարավո՞ր էր ավելի պաշտպանված լինել մայիսի 26-ի աղետից և նվազեցնել հետևանքները։ Կառավարությունը մասնագետներից լուրջ վերլուծություն է ակնկալում, մասնագետներն ասում են՝ Հայաստանում չկա բնական աղետների ռիսկերի գնահատման համակարգ։

Մայիսի 24-ի առավոտյան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» նախազգուշացնող հայտարարություն  էր տարածել՝ Հայաստանի տարածքում սպասվում են ինտենսիվ տեղումներ, կարկուտ, ամպրոպ։ «Ինտենսիվ» բառը  հուշում էր, որ տեղումները նորմայից բարձր են լինելու՝ ասում է կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսինքն`  կանխատեսված և նախազգուշացված են եղել»:

Կանխատեսողներն իրենց գործն արել են, տեղումների հնարավոր հետևանքների ռիսկերը գնահատողները՝ ոչ, ճանապարհների հենապատերը տեղ-տեղ լավ են աշխատել, որոշ տեղերում էլ գուցե չեն եղել։ Կառավարության ղեկավարը  կասկածներ ունի և գործադիրի հերթական նիստին հանձնարարում է լուրջ վերլուծությամբ պարզել՝ որտեղ էր կտրվել շղթան։ 

«Պետք է վերլուծություն իրականացնել, թե եղանակի տեսությանը մեր համապատասխան մարմինների արձագանքն ինչքանով է ադեկվատ եղել, այսինքն՝ ինչ է  եղել եղանակի տեսությունը, ինչքանով է ճշգրիտ նկարագրվել, ինչքանով է ճշգրիտ ահազանգվել գետերի հոսքերի հնարավոր մեծացումը և այն մարմինները, որոնք պիտի արձագանքեին, ինչքանով են  արձագանքել»։

Հայաստանում ընդհանրապես չկա  աղետների ռիսկերի մոդելավորման համակարգային մոտեցում, իսկ կանխատեսումն այդ մոդելավորման բաղադրիչներից  մեկն է ու առանձին վերցրած՝ գրեթե անօգուտ նման իրավիճակներում՝ ասում է «Աղետների ռիսկերի կառավարման» ծրագրերի համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մասնագետ  Արմեն Չիլինգարյանը։

«Պետք է անպայման լինեն համապատասխան ռիսկերի մոդելավորման մեթոդաբանական ձևաչափեր, որոնք գիտություն են պարունակում, պետք է համապատասխան տեղեկատվական համակարգ և սարքավորումներ, որոնց վերջնարդյունքը և վերլուծությունը հնարարվորություն կտան ռիսկը մոդելավորել, որովհետև տեղումների քանակով միայն որոշելը, որ ջրի մակարդակ է բարձրանալու, միանշանակ չէ։ Փաստացի, եթե մենք դիտարկում ենք տեղի ունեցածը, խոսքը միայն տեղումների քանակի մասին չէ։ Այնտեղ միանշանակ եղել են այլ հոսքեր, որոնք չեն նկատվել։ Թիրախային խնդիրը ռիսկերի մոդելավորման գործընթացն է»։



Արմեն Չիլինգարյանը

Բայց ոչ մեկին մեղադրել պետք չէ՝ ասում է Չիլինգարյանը։ Այս համակարգը նոր ենք ձևավորում, միայն նախորդ տարի ենք հաստատել Աղետների կանխարգելման ազգային ռազմավարությունը։ Նախկինում ԱԻ նախարարության, հիմա՝ ՆԳՆ-ի հետ փորձում ենք մշակել օրենքի նախագիծ, որը աղետների ռիսկերի նվազեցման, ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին է՝ ասում է մասնագետը։ Ապագայի այդ մեթոդաբանության հիմքը պետք է լինեն ճշգրիտ նյութատեխնիկական ապահովվածությունը և համապատասխան մասնագետները։ Վերջիններն արդեն կան։

«Ունենք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որը կարող է լրջագույն մասնագետներ պատրաստել՝ հենց ռիսկերի կառավարման տեսանկյունից, ճգնաժամային կառավարման տեսանկյունից, և պատրաստում է, ուղղակի այդ համակարգը պետք է գրագետ օգտագործվի»։

Ստեղծված աղետալի իրավիճակի չպլանավորված լինելը Չիլինգարյանը  երեք հանգամանքով է բացատրում՝ նման բնական աղետի հետ նախկինում չառնչվելը, հետևաբար՝ փորձ չունենալը, քաղաքաշինական սխալ մոտեցումներն ու ապօրինի շինությունները և մարդկային գործոնը։

«Գետը վարարելով, մեղմ ասած, լվացել-տարել է էն հատվածները, որոնք թիրախային թույլ են եղել, այսինքն՝ էն հատվածները, որոնք վատ են պաշտպանված եղել՝ կառուցապատման տեսանկյունից։ Երկրորդ կարևոր  խնդիրը քաղաքաշինական է, անօրինական կառույցներն են, որոնք գետի ավազանի կամ հենց անմիջական հարևանությամբ են կառուցված եղել, և դրանք են դարձել հիմնական թիրախը։ Այն, որ մարդիկ են զոհվել, քանի դեռ վերլուծություն չեն իրականացրել մեր արդարադատության մարմինները՝ պարզելու հանգամանքները, շատ դժվար է ասել, որովհետև դա կարող է սովորական մարդկային ֆակտոր լինել․ մարդուն թվում է, թե էդ հոսանքի միջով կարող է անցնել և իր նախաձեռնությամբ փորձում է անցնել»։



Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի ջրի մակարդակը վայրկյանում հասել է 250 մետր խորանարդի, մայիսի 30-ին ջրի մակարդակը 102 մետր խորանարդ էր։ Ավերածություններն ավելի քիչ են եղել այն հատվածներում, որտեղ դետի ավազանը լայն է եղել։ Փլուզվել են այն տներն ու շինությունները, որոնք գետի ավազանին շատ մոտ են եղել։ Ստացվում է՝ մարդկային գործոնն է մեծացրել բնական աղետի ողբերգական հետևանքները՝ բացատրում է ճգնաժամային կառավարման մասնագետը։ Չիլինգարյանն այս օրերին աղետի գոտում է, հետաղետային միջոցառումներն արագ ու արդյունավետ են՝ վստահեցնում է։

«Կառավարությունը բավական արագ արձագանքեց, շտաբը ձևավորվեց, երեկ այնտեղ էի ու ու բավականին լուրջ ներգրավվածություն կա համայնքների ղեկավարների կողմից, նաև՝ տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների մասնագետների։ Նաև միջազգային կազմակերպություններն են փորձում աշխատանքները կոորդինացնել։ Այս տեսանկյունից լավ արձագանքում է տեղի ունեցել»։

Ասել, թե աղետալի այս  իրավիճակից դասեր քաղելով  կկարողանանք հնարավոր նման իրավիճակներին ամբողջությամբ պատրաստ լինել, իրատեսական չէ։ Բայց այս դասը բնական աղետների ռիսկերի կառավարման ու մշակման, կրթության ամենօրյա աշխատանքների սկիզբ պետք է դառնա։ Աշակերտն ու համայնքի ղեկավարը ոչ թե  հատուկ դասընթացներով պետք է իրազեկվեն, այլ իմանան բնության հետ առերեսվելու կանոնները ընտանիքից։ Այս առումով Չիլինգարյանը կարևորում է միջազգային փորձի փոխանակումն ու համակարգային փոփոխությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն