Պանրային մթե՞րք, թե՞ պանիր. ի՞նչ ենք գնում խանութներից, և որն է դրանց տարբերությունը
Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի՝ խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ, պանիր կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը։
Մինչդեռ սպառողները հաճախ գնումներ կատարելիս ուշադրություն չեն դարձնում մակնշմանը, և օրինակ, որպես պանիր, գնում են ավելի մատչելի տարբերակը, առանց նույնիսկ իմանալու, որ իրենց գնածը պանրային արտադրանք է, ոչ թե պանիր։
Տարբերելու համար պետք է ուշադիր լինել «մթերք» բառի առկայությանը: Օրինակ՝ եթե նշված է պանրային հալած մթերք, պանրային ապխտած մթերք, թթվասերային մթերք, ապա դրանք ավելի ցածր որակ ունեն՝ պարունակում են բուսական յուղեր, հավելումներ:
Խանութներում պանիր գնելիս պիտակի վրա երբեմն կարելի է տեսնել «պանրային մթերք» մակնանշումը, ինչը շատերին անհասկանալի է, շատ անգամ էլ առանց ուշադրություն դարձնելու քաղաքացիները այն գնում են որպես պանիր։ Իրականում պանրային մթերքը դա կաթնամթերք է, որի բաղադրության մեջ յուղազրկված կաթ և բուսական յուղ՝ կաթնային յուղի փոխարինիչ է։ Թե որքան են դրանք վնասակար առողջության համար` մասնագետների շրջանում կարծիքները տարբեր են, բայց որ դրանց բաղադրության մեջ մտնող տրանսճարպերը շատ վտանգավոր կարող են լինել` դա փաստ է։
Սննդագետ Դավիթ Պիպոյան․ «Շարքային քաղաքացու համար ոչինչ չասող տերմիններ են։ Դրա համար գոյություն ունեն ռիսկի գնահատման կենտրոններ, որոնք իրականացնում են տվյալ երկրում սպառման հետազոտություններ, իրականացնում համապատասխան հաշվարկներ։ Մի կարևոր խնդիր է մեզ մոտ բաց թողնված։ Դա տրանսճարպաթթուների ռիսկի գնահատման գործընթացն է, և ապրանքների մեջ առհասարակ տրանսճարպաթթուների մակնշման պահանջը։ Երբ մարդ մտնում է խանութ ապրանք ձեռք բերելու, չի կարող միայն մեկ մակնշմամբ կողմնորոշվել՝ այդ մթերքը օգտակա՞ր է, թե վնասակար։ Դու կարող ես օգտագործել ինչպես բարձրակարգ բուսայուղ, այնպես էլ շատ ցածրարժեք հիդրոգենացված ճարպեր, որոնք բազմաթիվ խնդիրներ են առաջացնում, այդ թվում՝ ճարպակալում»։
Մեզ մոտ ոլորտը վերահսկվում է տեխնիկական կանոնակարգով, սակայն առանձին տրանսճարպաթթուների մակնշում չունենք, նկատում է Պիպոյանը։
«Երբ սպառողը մոտենում է, անկախ նրանից, թե ինչ է ձեռք բերում, երբ գրված է բուսայող, անգամ ռիսկը գնահատող մասնագետին դա տեղեկություն չի տրամադրում»։
Քանի դեռ արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով ամրագրված պահանջներին, մակնշվում է, և սահմանված չափաբաժինը չի անցնում, անհանգստանալու կարիք չկա, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը։
«Երբ պանրի օգտագործման ժամանակ կաթնայուղի փոխարինիչ է օգտագործվում, օրինակ՝ բուսական յուղեր, պետք է մակնշվի պանրային արտադրանք, կամ կաթ պարունակող մթերք, որն արտադրված է, օրինակ, լոռու տեխնոլոգիայով կամ չանախի։ Պարզապես մակնշումը պետք է համապատասխանի տեխկանոնակարգի պահանջին։ Եթե իրականում այդ չափանիշներն ու չափաբաժինները պահպանված են և ճիշտ մակնշված, մարդու կյանքին և առողջությանը վտանգ չեն սպառնում»։
Տեսչական մարմնի ստուգումները երբերմն մակնշման անհամապատասխանություններ են արձանագրում։ Վերջին շրջանում պանրային արտադրանքի կեղծումներ են եղել մանկապարտեզներում, որտեղ առհասարակ պանրային արտադրանք չի թույլատրվում օգտագործել։
«Մանկապարտեզի տարիքի երեխաների համար սննդակարգում պետք է նախատեսված լինի պանիր, ոչ թե պանրային արտադրանք։ Պետք է նախատեսված լինի թթվասեր, կաթնաշոռ, ոչ թե կաթ պարունակող մթերք թթվասերի կամ կաթնաշոռի տեխնոլոգիայով»։
Պանրային արտադրանքը ոչ ծերանոցներում է թույլատրվում, ոչ խնամքի հատուկ հաստատություններում, ոչ էլ առավել ևս մանկապարտեզներում, բայց նույնիսկ խանութներում վաճառքում մակնշումը պարտադիր է։ Սպառողը պետք է իմանա՝ պանի՞ր է գնում, թե՞ պանրային արտադրանք։ Ըստ այդմ՝ կաթնամթերք արտադրողը պարտավոր է անպայման նշել կաթ պարունակող ապրանքի մեջ ոչ կաթնային, բուսական յուղի առկայության մասին: Մակնշման հատուկ առանձնացված մասում պարտադիր պետք է լինի «Պարունակում է բուսական յուղ» գրառումը:
«Բաղադրությունը և մակնշումը պետք է համապատասխանեն իրար և մեզ հնարավորություն տան իմանալ, թե ինչ ենք մենք գնում՝ կաթնայու՞ղ, թե կաթնայուղի փոխարինիչով կաթնային արտադրանք»։
Ընդ որում՝ մակնշումը պետք է լինի հստակ, տեսանելի և հեշտ ընթեռնելի՝ գրված այնպիսի տառատեսակով և տառաչափով, որ սպառողին չմոլորեցնի և ընթեռնելի լինի։ Սպառողները, որոնք բացառապես գնի մակնշմանն են ուշադրություն դարձնում, որպես կանոն բաղադրությունը չեն ընթերցում, բայց քանի որ չկա բաղադրության ավելի մանրամասն ուսումնասիրության պահանջ և տրանսճարպաթթուների առանձին մակնշում չի արվում, ըստ սննդագետ Դավիթ Պիպոյանի, մեծ հաշվով գործող կանոնակարգն էլ չի երաշխավորում առողջ արտադրանք, ու ոչ էլ բացառում է։