Պուտինը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքների մասին
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ: Պուտինը պատասխանել է մի շարք արդիական թեմաների վերաբերյալ լրագրողների հարցերին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման թեմային:
Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում միջուկային զենք կիրառելու սպառնալիքների մասին հարցին ի պատասխան՝ Պուտինը հայտարարել է, որ «միջուկային մահակ չի թափահարում», բայց պատրաստ է նման զենք օգտագործել ՌԴ Միջուկային դոկտրինին համապատասխան:
«Չգիտես ինչու, Արևմուտքը կարծում է, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառի։ Մենք ունենք միջուկային դոկտրին, որում գրված է, որ եթե ինչ-որ մեկի գործողությունները սպառնում են մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ապա հնարավոր ենք համարում կիրառել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Դրան չի կարելի մակերեսային վերաբերվել։ Դա պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում։ Հուսով եմ՝ աշխարհում բոլորն այս կերպ կմոտենան նման հարցերի լուծմանը»,- ասել է Պուտինը։