Կիմ Չեն Ընի քույրն ասել է՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել Կորեական թերակղզում
Կորեական թերակղզում խաղաղության կարելի է հասնել՝ «վտարելով» ԱՄՆ ռազմական ուժերը, որոնք պարբերաբար նպաստում են Հարավային և Հյուսիսային Կորեաների հարաբերությունների վատթարացմանը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայատարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կիմ Յե Չոնգ:
«Որպեսզի խաղաղություն տիրի Կորեական թերակղզում, առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել Հարավային Կորեայում տեղակայված Միացյալ Նահանգների ագրեսիվ զինված ուժերն ու ռազմական տեխնիկան: Քանի դեռ ամերիկյան զորքերը տեղակայված են Հարավային Կորեայում, Կորեական թերակղզում իրավիճակի պարբերաբար վատթարացման առանցքային պատճառը երբեք չի վերանա»,-ասել է Կիմ Յե Չոնգը:
Նրա խոսքով՝ Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին կվերաբերվի «ուժին՝ ուժով», «բարությանը՝ բարությամբ» սկզբունքի համաձայն:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն այս շաբաթ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնելու համատեղ զորավարժությունների համար, որոնք կանցկացվեն օգոստոսի 16-ից 26-ը:
Կիմ Յե Չոնգը ծրագրված զորավարժություններն անվանել է «խելագարություն» և միջուկային պատերազմի փորձ, և հավելել, որ ԱՄՆ-ի կողմից դրանց անցկացման պարտադրումը ոչնչացնում է տարածաշրջանում խաղաղությունը: