«Այսօր գտել ենք հարազատների երևի մի 100 հատ հին ու նոր նկարներ, ալբոմների գտնելուց շատ ուրախացանք»։ Լուսանկարները տան՝  դաշնամուրի բարձրությամբ ջրածածկ առաջին հարկի հին պատից բարձր կախված դարակաշարում են եղել։ Այն ամենը, ինչ գտնվել է դրանից ներքև, մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը վարարած Դեբետը դարձրել է անպիտան։

Թրջվելու պատճառով անպիտան դարձած հեռուստացույցը մաքրման աշխատանքներից գոյացած ցեխակույտի մեջ է։ Այն պատվանդան է դարձել այս օրերին ավելի կարևոր համարվող ռետինե ճտքավոր կոշիկների համար։

Տանը բնակվողը  Քարկոփի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Անանյանն է։ Ամուսինն էլ պատմում է՝ կինն աղետի պահին կարևորել է փաստաթղթերն ու դրանց հետևից բարձրացել 2-րդ հարկ։



«Տանն էինք, ժամը 2-ին զանգեցին մեզ, թերահավատորեն վերաբերվեցինք, սենց բան ո՞վ կմտածեր։ Դուրս եկա ծխեցի, տեսա իսկապես րոպե-րոպե գետը բարձրանում է։ Կինս մինչև գնաց վերև ու իջավ, ջուրը գոտկատեղիցս բարձրանում էր, իրեն մի կերպ շալակած հանեցի։ Ուշաթափվում էր, մեքենան եմ մտցրել ու բարձրացրել վերև»։

Քարկոփցիները գիշերը դեպի վեր՝ Ճոճկան բնակավայր են գնացել։ Ջրի մեջ կորած հագուստը փոխելու փոխարեն սկսել են փնտրել ճանապարհներին մեքենա վարող հարազատներին։ Հաջորդ օրը Մ6 միջպետական մայրուղու հետ հաղորդակից գյուղը բնակիչներին այլ կարգավիճակով է դիմավորել։ Գետը քշել տարել է 1966թ․-ին կառուցված կամուրջն ու նրանց զրկել կարևոր ճանապարհի հետ կապից։

Խորհրդային տարիներին բազալտ ու գրանիտ վերամշակող գործարանի շուրջ ստեղծված բնակավայրում բնակիչների մի մասն ապրում է ցածրահարկ շենքերում։ Փլուզված կամրջի հարևանությամբ 1-ին փողոցի 3-րդ շենքի բնակչուհի Մարիամ Աբելյանն անկեղծանում է՝ իրենցից ավելի շատ տուժածներ էլ կան։



«Ներքի թաղն է ամենատուժածը, էլի ստի ոչինչ, բարվոք է, մի 50 սմ է լցվել տները։ Ձմեռվա պաշարը, ամեն ինչը մառանում էր։ Մեր ձմեռվա պահուստն էր, մի քիչ որ օգնող լինի, ես գոհ կլինեմ»։

Գյուղի համեմատաբար ցածր հատվածի բնակիչ է Վարուժան Հախվերդյանը։ Նրան հուզող գլխավոր հարցը շինությունների հիմքերին հասցված վնասն է ու կամուրջը։

«Հիմա այս պահին ոնց որ արտաքին աշխարհից կտրված մարդիկ ենք։ Երկաթգծով ոտքով դեպի Այրում, մեկ էլ Շնողի տակն ենք հասնում։ Փրկարարներն են բեռներն անցկացնում։ Տղաս ու հարսս Այրումից առավոտյան գալիս են, երեկոյան գնում, հնարավոր չէ մնալ այստեղ գիշերը»։

Քարկոփում տեղումներից հետո ավելի գեղեցկացած վարդի թփերի կողքին ամենուր բարձր ցեխակույտեր են։ Դրանք գոյանում են փողոցները մաքրող տրակտորների աշխատանքից։

Տիղմից համեմատաբար մաքրվել է միջնակարգ դպրոցը։  «Դպրոցը լրիվ ջրի մեջ է եղել, համակարգիչները, կնիքը, ամեն ինչ»։

Աղետի գոտու օպերատիվ շտաբի պետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ Մ6 մայրուղուց մեկուսացած բնակավայրի վթարավերականգնողական աշխատանքերի համար հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղու միջոցով։

Ալավերդու համայնքապետարանից տեղեկացնում են՝ երկաթգծով հատուկ լոկոմոտիվի միջոցով սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների ու ջրի մատակարարումը Քարկոփ շարունակվում է։ Ընթացքի մեջ է հետիոտնային երկաթե ժամանակավոր կամրջի տեղադրման աշխատանքը։ Բնակավայրի մաքրման աշխատանքներին մասնակցում են փրկարար ծառայության աշխատակիցները, կամավոր խմբեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն