Հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:



ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ.-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ.-ի դիերը:



Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-՝ նրանց թոռնուհին:

Իսկ ավտոմեքենան պատկանում է «Սա...»  ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Իրականացվում է նախաքննություն` վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն