Շարժումը չունի գաղափարախոսություն, ծրագիր ու առաջարկ. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից գաղափարախոսություն, ծրագիր ու առաջարկ չի տեսնում:
Սիմոնյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Ես կարծում եմ, որ շարժումը ոչնչով չի տարբերվում մնացած նախորդ շարժումներից՝ բացի գլխավոր դերակատարից: Այդ շարժումը չունի գաղափարախոսություն, չունի ծրագիր, չունի առաջարկ»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նկատեց՝ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը միասին շուրջ 300 հազար ձայն են հավաքել: «Կարող են, թող այդ 300 000–ի 1/3–րդ հավաքեն: Ամեն ցույցը 5–10 հազարով ավելի քիչ է լինում»,–ասաց նա՝ հավելելով, որ 2018 թվականի հեղափոխության համար են ուզում ռևանշ անել:
Ներքաղաքական իրավիճակի հետ կապված գլոբալ առումով ԱԺ նախագահին ոչինչ չի անհանգստացնում:
«Անհանգստացնում է այն, որ երևի մարդկանց հետ պետք է ավելի շատ խոսենք, որ այս մարդիկ չխաբեն նորմալ մարդկանց: Իսկ այդ մարդիկ խաբում են նորմալ մարդկանց, անընդհատ ինչ-որ բաներ են ասում, հետո ստիպված են լինում մի մասը հերքել»,–հավելեց Սիմոնյանը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը: