Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը․ Գեղամ Նազարյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականանում կա:
«Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գեղամ Նազարյանը:
Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: Պատգամավորը պնդում է, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը: