1 մլն դրամ՝ ոսկու սխալ հարգորոշման համար. տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ ստուգումներ են սկսվել, որոնք պարբերական են լինելու։ Թեև շուկայի վերահսկողության տեսչական մարմինն աստիճանաբար գոհացնող արդյունքներ է արձանագրում, և խախտումները գնալով նվազում են, այնուամենայնիվ թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին կառույցը հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերին։ Տեսչական մարմնի ղեկավարը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է, որ հավատարմագրման արդյունքում ավելացել է ստուգումների քանակը։ Եթե 2018 թվականին տեսչական մարմինն իրականացրել է 250 ստուգում, ապա 2023-ին ստուգումների թիվն անցել է 600-ը։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը ոսկյա իրերի առք ու վաճառքի կետերում։ Ոսկու փորձարկման լաբորատորիան վերազինվել և հավատարմագրվել է, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել չափագրված սարքերով և բարձր ճշգրտությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Ըստ այդմ՝ այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 41 ստուգում։ 26 տնտեսվարողից վերցվել է 78 փորձանմուշ։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով արձանագրվել է ոսկու հարգի 19 անհամապատասխանություն։
«Առաջին եռամսյակում, երբ ստուգումները նոր սկսեցինք, թերությունները բավականին շատ էին։ Հետո տնտեսվարողներին ժամկետ տվեցինք, որպեսզի բոլոր զարդերը տանեն ստուգեն, ու եթե հարգը չի հանապատասխանում, ձուլեն, նոր զարդեր պատրաստեն համապատասխան հարգով։ Այդ ընթացքում տնտեսվարողներն էլ բավականին մեծ աշխատանք իրականացրեցին, և արդեն 2-րդ եռամսյակում ստուգումները ցույց տվեցին, որ խախտումները զգալիորեն նվազել են։ 3-րդ եռամսյակում ավելի քիչ կլինեն, 4-րդում միգուցե ընդհանրապես չլինեն»։
Լաբորատորիան հավատարմագրվել է 2023 թվականին։ Դրանից առաջ լաբորատոր փորձարկումներ կամ չէին իրականացվում, կամ էլ փորձաքննությունն այլ կազմակերպությունների էր լիազորվում, ինչը շատ թանկ էր և ժամանակատար։ Այժմ հնարավոր է ավելի շատ նմուշներ փորձաքննության ենթարկել՝ շուկան դարձնելով ավելի վերահսկելի։ Նվազել է նաև փորձաքննության ժամանակահատվածը։
«Տարվա ընթացքում ամեն եռամսյակին իրականացնում ենք 40-50 ստուգում։ Գնում ենք ոսկու շուկաներ, վերցնում ենք փորձանմուշներ տնտեսվարողներից, բերում, ստուգում ենք մեր լաբորատոր սարքերով։ Հարգը չհամապատասխանելու դեպքում հարգորոշողն ամեն զարդի համար տուգանվում է 1 մլն դրամ։ Արդեն ունենք բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք վարչական պատասխանատվության են ենթարկվել, ու կարծում եմ, դեռ կլինեն տնտեսվարողներ, որոնք կենթարկվեն։ Հարգոշողը տուգանվում է սխալ հարգի համար, իսկ վաճառողը՝ մակնշման կամ հարգի բացակայության»։
Տնտեսվարողներն իրենք էլ դեմ չեն դաշտի կարգավորմանը, բայց նաև սխալ են համարում զարդի փորձաքննությունը տարբեր սարքերով իրականացնելը։ Ասում են՝ դրանք լազերային են և չի բացառվում, որ տեսչականի և հարգորոշողի տարբերությունները հենց դրանով պայմանավորված լինեն։ Մինչդեռ նույնիսկ չնչին շեղումը, որը բացառապես սարքով է որոշվում, կարող է խոշոր տուգանքների հանգեցնել։ Իսկ մեկ միլիոն տուգանքը չնչին շեղման պարագայում, այն էլ առանց նախազգուշացման, արդար չէ՝ ասում են։ Հարգորոշողներից մի քանիսը, չցանկանալով ներկայանալ, տեսչականին հորդորեցին չհիմնվել մեկ սարքի տվյալների վրա։ Իսկ եթե առավել ճշգրիտ փորձաքննության են ձգտում, ապա կարծում են, որ այն քիմտարրալուծումն է, որը, սակայն, պետք է իրականացնի ոչ տեսչականը, ոչ էլ հարգորոշողը։ Կարծում են, որ միայն անկախ փորձաքննություն կարող է պարզել տվյալ զարդի իրական հարգը։