Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին պնդում է վրացական ընդդիմադիր mtavari.tv հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Աղբյուրի տեղեկություններով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Ռուսաստանի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում և բանակցում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ կապված։ Իշխանությունները ծրագրում են Մոսկվայում Վրաստանի դեսպանատուն բացել»,- նշված է նյութում, որը ներկայացրել է  Ռիա նովոստին։

Հեռուստաալիքի տվյալներով, Թբիլիսին արդեն աշխատակիցներ է ընտրում դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատելու համար։

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, երկրների միջև երկխոսությունը պահպանվում է ժնևյան քննարկումների և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների շրջանակներում, որոնք անցկացվում են 2012 թվականից Պրահայում:

Վրացական կողմը խզել է հարաբերություններն այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն