Վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին
Շարունակելով խաղաղության պայմանագրի թեման՝ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագրում տրանսպորտային ապաշրջափակման թեման ևս չներառվի, և դա, ինչպես սահմանազատումը, քննարկվի և բանակցվի առանձին:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատման հետ կապված իրադրության մեջ տեսնում է շատ մեծ թյուրըմբռնում:
«Այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացում, առնվազն հավասարաբար ՀՀ-ի՝ մեր Կառավարության նախաձեռնությունն է: Ինչո՞ւ՝ արձանագրելու համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Եվ ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, առնվազն մի քանի անգամ այս թեմային անդրադարձել եմ, այդ թվում՝ խորհրդարանական ամբիոնից իմ ունեցած ելույթներում:
Դա թյուրընկալում է և թյուրըմբռնում»,- ասաց վարչապետը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մինչ այս պահը Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից՝ օկուպացված հատվածներից, դուրս չի եկել, չեն սահմանազատվել, Փաշինյանը պատասխանեց՝ այդ սահմանները չեն սահմանազատվել փոխադարձ պայմանավորվածությամբ:
«Որովհետև նույն տրամաբանությամբ, դուք գիտեիք՝ Ոսկեպարում կային մեծ խնդիրներ: Ես գնացել եմ Ոսկեպար, քննարկել եմ Ոսկեպարի բնակիչների հետ, լսել եմ նրանց, և ես չեմ կարող ասել, որ, օրինակ՝ Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի բնակիչները ինչ հարց դրել են, մենք բոլոր հարցերը լուծե՞լ ենք: Բայց այս գործընթացը, ինչպես տեղի է ունեցել, այդ գործընթացում էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները»,- պարզաբանեց վարչապետը՝ հիշեցնելով, որ այնուհետև խոսել են Բերքաբերի բնակիչների հետ:
«Որովհետև այստեղ որոշակի ընկալումների տարբերություններ կան, և մենք իրականացրել ենք այդ տրամաբանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ երբ առաջին անգամ գնացել էր Ոսկեպար, ոսկեպարցիները փաստարկել էին և ասել էին, թե ինչու դա գոնե այս փուլում լավ տարբերակ չէ:
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք նա հաշվի է առել բնակիչների ցանկությունը, վարչապետը տվեց դրական պատասխան:
«Այո՛, այդ թվում»,- պատասխանեց վարչապետը: