Գույքագրումն ավարտված է, աջակցության ծրագրերի մշակման փուլն է սկսվում
Աջակցության ծրագրեր կմշակվեն, բայց ֆինանսական ամբողջական գնահատական դեռ չկա, թե որքան վնաս է հասցրել Լոռու և Տավուշի մարզերին մայիսի 25-ին, 26-ին տեղի ունեցած բնական աղետը։ Բայց փաստ է, որ այն փոխելու է կառավարության ծախսերի կառուցվածքը։ ԿԲ-ում միայն գնահատում են, որ աղետի ծավալները բավականին մեծ են: Քննարկումների արդյունքում կհասկանան, թե ինչ լուծում է տրվելու վարկառու հանդիսացող տուժած քաղաքացիների և իրավաբանական անձանց խնդրին: Կառավարությունում ըստ առաջնահերթության նախատեսում են ծրագրեր իրականացնել։
Այն ինչ կատարվեց Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ին ու 26-ին, տեղացիները դեռ երկար կհիշեն։ Գարի Գասպարյանը պատմում է, թե ինչ է տեսել, երբ իր սննդի օբյեկտ է գնացել մայիսի 25-ի երեկոյան․ «Ջուրը ակվարիումի պես պտտվում էր։ Ոչ մի բան չի մնացել»։
«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը Այրում կայարանում է բնակվում։
Պատմում է․ «Գիշերը 3․30 էր, ընդամնեը 15 րոպե է քաշել։ Հասցրել եմ մենակ շանը փրկեմ։ Մնացածը մնացել ա ջրի տակ։ Մենք հազիվ հասցրեցինք բարձրանալ երկրորդ հարկ։ Էլ ասելու բան չկա»։
Կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերի 9 համայնքում աղետի գոտի է հայտարել: Այդ 9 համայնքում միասին 39 բնակավայր կա, որտեղ մոտ 113 հազար քաղաքացի է ապրում։ Նրանք այս կամ այն կերպ առնչվել են աղետի հետ կամ տուժել դրանից: Տարհանվել է 443 մարդ, զոհվել են 4-ը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ճանապարհների մասով երկու խումբ լուրջ խնդիր է նշում.
«Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունի, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որն էլ պատճառ է դարձել, որ մի շարք տեղերում միակողմանի է երթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում, մի շարք հատվածներում՝ ամբողջ ճանապարհը: Բայց պետք է ասել, որ և՛ Մ6, և՛ Մ4 ճանապարհները հիմա երթևեկելի են հսկայածավալ աշխատանքի արդյունքում»:
Աղետի գոտում 24 վնասված կամուրջ կա, որից 16-ը շահագործման առումով պիտանի չեն: Դրանց մի մասը համայնքային փոքր կամուրջներ են, մյուս մասը՝ 6-7 կամուրջ, ավելի խոշոր են, և դրանց փոխարեն նոր կամուրջներ է պետք կառուցել:
«Այդ խոշոր կամուրջներն են՝ Հոբարձիի կամուրջը, Սանահին կայարան թաղամասի կամուրջը, Ախթալայի, Քարկոփի, Այրումի և Խաշթառակի կամուրջները։ Սրանք ամենախոշոր կամուրջներն են, որոնք այլևս երթևեկության համար պիտանի չեն, և բոլորի դեպքում անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել: Մյուսների պարագայում վնասվածքներ կան, բայց հնարավոր է որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացնել և շահագործել»։
Քարկոփում ժամանակավոր կամուրջ էր տեղադրվել, բայց օրերս դա էլ էր փլվել՝ Դեբեդի հերթական վարարման ժամանակ։ Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը պատմում է՝ մայիսի 25-ի աղետից ամենաշատը տուժած Քարկոփը արտաքին աշխարհի հետ կապված էր միայն հեղեղից հետո կառուցված ժամանակավոր կամրջով։
Բայց հունիսի 9-ին այն փլուզվել է․ «Շատ առատ տեղումներ էին, հատկապես Օձունի շրջանի գյուղերում ու Վանաձորի հատվածում։ Գետի մակարդակը բարձրացավ ու հետը սկսեց որոշակի աղբ ու կեղտ բերել, փայտի կտորներ և այլն։ Քարկոփի կամուրջն էլ համեմատաբար ցածր էր, ու տենց գետը հավաքեց, տարավ։ Բայց փառք Աստծո, ոչ մեկին վնաս չի տվել։ Հիմա էլ կամրջի շուրջ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում»։
Երկաթուղին ևս վնասվել է Այրում կայարանից մինչև Սանահին կայարան: Այդ 27 կմ հատվածում մոտ 1800-ից մինչև 2000 մետր տարբեր հատվածներ են վնասվել, որոնք հիմա վերականգնվում են: Երկաթուղուն կից ենթակառուցվածքները ևս վնասվել են:
Վնասվել է նաև 19 գազատար, բայց այս պահին գազամատակարարումը հիմնականում վերականգնված է: Ջրամատակարարման գրաֆիկը ևս հիմնականում վերականգնված է: Վնասվել կամ ջրածածկ է եղել 153 ավտոմեքենա, նաև երկու մարզերում ընդհանուր առմամբ 843 շենք-շինություն է վնասվել կամ փլուզվել: Գույքագրման փուլը, ըստ էության, ավարտված է, այժմ առաջնահերությունները որոշելու և ըստ այդմ փոխհատուցում տրամադրելու ժամանակն է։ Վարչապետն արձանագրում է․ նախ կօգնեն մարդկանց՝ իրենց տները վերադառնալու հարցում, հետո բիզնեսին, գյուղատնտեսությանն ու գույքային վնասները։
«Առաջինը աջակցություն պետք է ցուցաբերենք մարդկանց իրենց տները վերադառնալու համար։ Դրա համար պետք է արդյունավետ ծրագիր ընդունենք, որով օգնենք մարդկանց իրենց բնակարանները վերանորոգելու, կարգի բերելու, գույքային նվազագույն կարքիները հոգալու համար, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց բնակարանները»։
Բացի այդ, աջակցության ծրագրեր են նախատեսվում նաև բիզնեսին, գյուղատնտեսական ապրանքների կորստի, ինչպես նաև վնասված ավտոմեքենաների համար։ Դեռ մոտավոր հաշվարկ չկա, թե երկրի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը պետության ֆինանսական համակարգի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Բայց փաստ է, որ այն փոխելու է կառավարության ծախսերի կառուցվածքը։ ԿԲ-ում միայն գնահատում են, որ աղետի ծավալները բավականին մեծ են: Քննարկումների արդյունքում կհասկանան, թե ինչ լուծում է տրվելու վարկառու հանդիսացող տուժած քաղաքացիների և իրավաբանական անձանց խնդրին: