Թումո լաբերի Climate Net նախաձեռնությունը Հայաստանում տեղադրում է եղանակի տվյալների հավաքագրման նոր սարքեր
Հայաստանի գյուղական համայնքներում կտեղադրվեն 26 IoT (բանացանց) կլիմայական սարքեր, որոնք կհավաքագրեն կլիմայական տվյալներ, որոնք օգտակար կլինեն եղանակային ճգնաժամերի հետազոտության, կանխարգելման և կանխատեսման, ինչպես նաև տեղի կլիմայական օրինաչափությունների վերլուծության համար: Այս նախագիծն իրականացվում է Թումո լաբերի Կլիմայական ցանց նախաձեռնության կողմից:
Թումո լաբերը ինժեներություն և տեխնոլոգիաներ անվճար ուսուցանող կրթական կենտրոն է` նախատեսված 18-ից բարձր անձանց համար:
IoT սարքերը տեղադրվում են Թումո տուփերի (փոքր Թումո կենտրոններ են կառուցված վերամշակված կոնտեյներներից) վրա, որոնք փոքր համայնքներում ծառայում են որպես Թումո արբանյակներ: Այս սարքերն արդեն տեղադրվել են հինգ Թումո տուփերի վրա` Արթիկում, Մարալիկում, Ազատանում, Փանիկում և Վազգեն Սարգսյանի համալսարանում:
IoT կլիմայական սարքերը ստեղծած և տեղադրած Թումո լաբերի ուսանողներն անցել են հատուկ թրեյնինգ, որի ընթացքում սովորել են մշակել սարքային և ծրագրային ապահովում այս սարքերի համար: IoT սարքերը չափում են ջերմաստիճանը, խոնավությունը և ճնշումը, օդի որակը, արագությունը, ուղղությունը, անձրևը, լույսի ուժգնությունը ու սպեկտրային տեղեկատվությունը: Այս տվյալները Կլիմայական ցանցի կայքում (climatenet.am) բաց են բոլորի համար, ովքեր ցանկանում են օգտագործել և վերլուծել դրանք: Հավաքագրված տվյալները կարող են օգնել կանխատեսել եղանակային խիստ պայմանները և նվազեցնել դրանց կողմից առաջացրած վնասները: Ապագայում Թումո լաբերում ուսանողները կարող են օգտագործել այս տվյալները տարբեր տեսակների եղանակային քարտեզներ ստեղծելու համար:
Կլիմայական ցանցի նախագծի ղեկավար Ռուբեն Միրզոյանը նշում է.
«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը ենթակա է եղանակային փոփոխությունների ու բնական աղետների և մենք այս ամբողջական տվյալները չունենք հավաքված մեկ վայրում: Եվ եթե ունենք նշված տվյալները, ապա դրանք ցրված են: Այս նոր տվյալները կարող են օգտագործվել կանխատեսման, հետազոտման և նույնիսկ թեստավորման նպատականերով»:
Տեղադրման ամառային փուլն ավելի մեծ նախագծի մաս է, որը միտված է մշակելու, կառուցելու և տեղադրելու 78 Iot կլիմայական oդերևութաբանական ու եղանակի կանխատեսման կայաններ Թումո տուփերի վրա մինչև 2025 թվականի կեսը:
Կլիմայական ցանցի և Թումո լաբերի մասին
Կլիմայական ցանցը Թումո լաբերի կողմից իրականացվող նախագիծ է: Թումո լաբերը անվճար կրթական ծրագիր է, որը միավորում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ և հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ տեխնոլոգիաների, կիրառական գիտությունների ու ինժեներության ոլորտներում: Թումո լաբերը հյուրընկալում է նախագծեր միջազգային և տեղի ընկերություններից` հնարավորություն տալով ուսանողներին աշխատել և մշակել այս նախագծերն ու ձեռք բերել նորարար հմտություններ: Կլիմայական ցանցն այս նախագծերից է: Այն մեկնարկել է 2023-ի հունվարին Հայաստանում եղանակային տվյալներն ավելի համապարփակ և հասանելի դարձնելու նպատակով: