ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները թևակոխում են նոր փուլ
Հայաստանի վարչապետը կարևորում է Վաշինգտոն-Երևան երկխոսության հետևողական զարգացումն ու երկկողմ համագործակցության խորացումը: Այս դիտարկումը Նիկոլ Փաշինյանն արել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի հետ հանդիպմանը։ Դրա ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան է ժամանել երեկ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Նախօրեին նա ս հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
ՄՆ-Հայաստան հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, ռազմավարական երկխոսությունը փոխակերպվում է ռազմավարական գործընկերության՝ այս հայտարարություններն անում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց այցելությունները Հայաստան վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել։ Այս հայտարարությունները վերահաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, որի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում է։
Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Վերման ընդգծել է, որ երևանյան քննարկումների արդյունքում Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչ քայլերով է հնարավոր առաջընթաց գրանցել խաղաղության, տնտեսության, առևտրի ոլորտներում և շարունակել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը դեպի նոր մակարդակ։
Նշվում է, որ առաջիկայում պայմանագիր կստորագրվի՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը հասցնելով ռազմավարական գործընկերայինի։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում այս փաստը մեկնաբանելով, շեշտում է․«Դա այն է, որ Հայաստանը և Միացյալ նահանգները երկուստեք ֆիքսում են իրար հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը և նպատակ են դնում հարաբերությունները հագեցնել նոր բովանդակությամբ։ Ընդ որում՝ թե դեպի խորք, թե; դեպի լայնք։ Եվ այդ ամենի հետ կապված էլ մշակում են հիմա միջոցառումների ժամանակացույց կամ ճանապարհային քարտեզ, որով պետք է կողմերն ընթանան»։
Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև՝ տնտեսության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ԱՄՆ պատրաստակամությունն է շեշտել Ռիչարդ Վերման՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը»:
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով, սակայն, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը ոչ միայն հնարավորություններ, այլ նաև ռիսկեր է պարունակում։ Իրանի անփոփոխ դիրքորոշումն է հիշեցնում միջազգայնագետը՝ հարաբերությունները «3+3» ձևաչափով լուծելու մոտեցմամբ։
«Էդ ռազմավարական գործընկերությունն ընդհանուր արարի մի մասն է ուղղակի»։
Ըստ Բալասանյանի՝ Հայաստանը ԱՄՆ-ի համար հետաքրքիր կլինի այնքան ժամանակ, որքան Հայաստանը կհամաձայնի, փորձագետի ձևակերպմամբ, Արևմուտքի համար լինել հուսալի պլացդարմ իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար։
«Աստված մի արասցե, որ Իրանն ու Ռուսաստանը սկսեն Հայաստանը դիտարկել Հայաստանն իբրև հակա իրենց շահերի, բայց բոլոր նախադրյալները կան։ Վրաստանն արդեն իր քաղաքականությունը փոխում է։ Տարածաշրջանում հակա, ցավոք սրտի, մնալու ենք մենք։ Եվ Արևմուտքն այսօր խնդիր է դրել Վրաստանը փոխարինել Հայաստանով»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, նկատում է, որ Իրանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է, ինչը իրանցի տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով հայտարարել են։ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խորացումն էլ, փորձագետի գնահատմամբ, ուղղված է հենց Հայաստանի անվտանգությանը։
«Հաստատապես ուղղված չեն ընդդեմ Իրանի։ Պաշտոնական Երևանը պետք է համոզիչ ձևով պաշտոնական Թեհրանին տեղյակ պահի այն մասին, որ մեր քայլերն ուղղված են բացառապես մեր կարողությունների մեծացմանը՝ տարածաշրջանում ի վնաս Հայաստանի ձևավորված դիսբալանսի ուղղմանը»։
Դա, փորձագետի համոզմամբ, հնարավոր չէ անել այլ կերպ, քան ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական մակարդակի հարաբերություններ հաստատելով և առանց լիարժեք եվրաինտեգրման։ Մեհրաբյանը համոզված է, որ այս գործընթացից Հայաստանը շահելու է, երկարաժամկետ շահերի տեսանկյունից դրանից օգտվելու է նաև Իրանը։