Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած իր եռօրյա այցի ընթացքում խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ արձանագրելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումներն ավելացրել են վստահությունը և համոզվածությունը, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում։

Հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ տարածքների փոխանակման քննարկվող տարբերակներից մեկը հանրաքվե կազմակերպելու հնարավորությունն է։ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե որ տարածքների մասին է խոսքը, չի նշել նաև համայնքայի՞ն, թե՞ համապետական հանարքվեի հնարավորությունն է դիտարկվում։

Սյունիքում վարչապետն առաջին անգամ խոսեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման հարցով հանրաքվե կազմակերպելու հնարավորության մասին՝ պայմանականորեն բերելով 100 քառակուսի մետրի օրինակը։

«Այն տեղերը, որոնք սահմանազատված չեն, պետք է սահմանազատում անենք։ Որտեղ առաջ ենք, հետ գանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ գնան։ Պետք է գիծը գծվի։ Կամ կարող է տեղեր լինեն, որտեղ խոշոր կտորների մասին է խոսքը։ Տեղեր կան, որտեղ գաղափար կարող է առաջանալ՝ եկեք 100 քառակուսի մետր մենք ձեզ տանք, 100 քառակուսի մետր դուք մեզ տվեք։ Դա էլ մենք չենք կարող անել։ Այդ ժամանակ, եթե այդպիսի թեմաներ լինեն, պետք է հանրաքվե անենք։ Դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե չեք ուզում»։

Սյունիքում արված այս ակնարկը արդյո՞ք կարող է առնչվել նույն տարածաշրջանին։ Փաշինյանի կողմից հստակեցումներ չեղան, թե որ դեպքերում կարող է հանրաքվե նախատեսվել, բայց կոնկրետ սյունեցիների մտահոգությունը փարատելու համար նա ցուցադրում էր 29 743 քառակուսի կիլոմետրանոց, ինչպես ինքն է ասում, «իրական Հայաստանի» մակետը։



«Կա՞ այստեղ Սյունիք, թե՞ չկա։ Սա էլ Արծվաշենն է։ Բա ի՞նչն է հարցը։ Այդ անկլավների թեման էլ, այս էքսկլավի թեման էլ սահմանազատման գործընթացում առանձին կքննարկվի։ Սյունիքի մարզի այցը ավելացրել է մեր վստահությունը, ավելացրել է մեր համոզվածությունը, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում։ Ճակատենում, Ներքին Հանդում, Ծավում, սահմանամերձ համայնքներում ի՞նչ են ասում մարդիկ՝ հույս կա՞, որ մեզ մոտ էլ սահմանազատում կլինի։ Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանում ըստ էության, մի մեծ աղմուկ է, որը սահմանազատման գործընթացը փորձ են անում ներկայացնել, որպես մի աղետ։ Ոսկեպարի սահմանային ինժեներական պատնեշները երբ այդ մարդկանց ցույց տվեցի, դուք պետք է այդ մարդկանց ոգևորությունը տեսնեիք, որ ասում էին՝ մեզ մոտ էլ այսպես լինի»։

Հայաստանյան ընդդիմությունը գրեթե վստահ է, թե որ տարածքների մասին կարող է լինել Փաշինյանը խոսում հնարավոր հանրաքվեի մասին։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցվության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են մարզային այլ այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին: Փոխանակման ենթակա տարածքների թվում հիշեցնում է, որ շրջանառվել են Արարատի մարզում` Տիգրանաշեն, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերի անունները:

«Այս չորս տարածքների հետ կապված նույնիսկ հայաստանյան իշխանություններն են խոստովանում, որ դրանք ամբողջությամբ այս պահին Հայաստանի տարածքային ամբողջականության մաս են կազմում և ըստ հայաստանյան օրենսդրության՝ դրանց որևէ ձևով Ադրբեջանին փոխանցումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեի միջոցով։ Որոշակի զգույշ ակնարկներ կան այն մասին, որ կարող են, ըստ էության, տեղի ունենալ այդ թեմայով հանրաքվեներ։ Գյուղերի հետագա հանձնումը ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծելու Հայաստանի տարածքային ամբողջականության համար, պաշտպանողականության համար, նաև Հայաստանի հետագա ինքնուրույնության համար»։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ սահմանազատման գործընթացը պարտադրվել է Հայաստանին, իսկ երկու  հանձնաժողովների՝ ապրիլին ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ընդդիմությունն ապօրինի և քրեորեն պատժելի է համարում։

Արծվիկ Մինասյանը դեռ ամիսներ առաջ էր խոսում հանրաքվեի անհրաժեշտության մասին․

«Ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել։ Առանց ժողովրդի հանրաքվեի Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք չի կարող փոխանցվել։ Որո՞նք են այդ «ինքնիշխան իրավազորության ներքո» արտահայտության տակ գտնվողները։ Դրանք ոչ միայն նրանք են, որ այսօր ՀՀ օրենքները գործում են այդ տարածքներում, այլ նաև այն տարածքները, որոնց տիտղոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշեն, բազմաթիվ այն բնակավայրերը, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հետևաբար՝ ցանկացած փոփոխություն այս երկու տարածքների մասով ենթակա է բացառապես հանրաքվեով հաստատման։ Առանց դրա Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է ծանր հանցագործություն»։

Վարչապետի՝ Սյունիքի մարզում արած հայտարարությունը տարածաշրջանային զարգացումների ֆոնին է դիտարկում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ուշադրություն հրավիրելով փաստին, որ նույն ժամանակահատվածում Թեհրանում կայացել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Քանիի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Խովաևի հանդիպումը, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց են ունեցել: 



Վերլուծաբանը ցոցցանցում գրել է․ «Հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաևը մեկնել է Թեհրան ու հանդիպել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, հուշում է, որ այցի «սեղանին» եղել է բավականին կոնկրետ խոսակցություն: Իրանի արտգործնախարարի տեղակալը Խովաևի հետ հանդիպմանն ասել է, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել առանց արտառեգիոնալ խաղացողների և Ռուսաստանի, Իրանի ու այլ կառավարությունների միջև ավելի մեծ համակարգվածությամբ: Իրանն ակնարկում է, որ ինչ-որ բան իր հետ համաձայնեցված չէ, ինչ-որ բան քննարկվել է «ոչ բավարար համակարգվածությամբ»»:

Սահմանազտման առաջին փուլով Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց Տավուշում այն տարածքները, որոնք Բաքուն մարտին սկզբին էր պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։ Դրա դիմաց Հայաստանը չստացավ 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները: Այդ հատվածում  սահմանազատում չիրականացվեց։

Հանձնաժողովները հաջորդիվ պայմանավորվել են շարունակել սահմանազատման գործընթացը սահմանի ամբողջ երկայնքով ՝ վերարտադրելով Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները՝ ներառյալ անկլավներն ու էքսկլավները։ Հայկական կողմը նշում է, որ Երևանը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն է, բայց թե ինչ կլինի հետո, ապրիլյան արձանագրությունների պարզաբանումների ժամանակ կառավարության աշխատակազմից չեն հստակեցրել․

«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը»:

Վարչապետը դեռ չի մանրամասնել, թե որն է լինելու սահմանազատվող հաջորդ հատվածը։ Գեղարքունիքում չեն բացառում, որ գործընթացի հաջորդ փուլը սպասվում է հենց այս մարզում։ Այս տեղեկությունները հիմքում մարզպետի վերջին հանդիպումներն են մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովին, ապա այնտեղ այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Այն պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով։ Ըստ սահմանված ժամկետի՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն