Ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոններ են մշակվել, սահմանվել է տարիքային շեմ
Կառավարությունը հունիսի 20-ին հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել անհատական տեղաշարժման միջոցների, ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոնները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տրանսպորտային միջոցը տարածված է երիտասարդների ու հատկապես անչափահասների շրջանում: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախատեսվում է, որ որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025-ի սեպտեմբերի 1-ից:
Ըստ Սարգսյանի՝ ինքնագլորների երթևեկության կանոնները հիմնականում պարզ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս տեղաշարժման համար թեթև տրանսպորտային միջոց են համարվում: Բայց, մյուս կողմից, վերահսկողությունը կարող է դժվար լինել, եթե կանոնները բարդ լինեն: Այսպիսով` որոշման նախագծով նախ կարգավորվում է սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են օգտագործել ինքնագլորները:
«Մեր դեպքում 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներն են կամ 16 տարեկան այն անձինք, որոնք ունեն АМ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ մինչև 18 տարեկան անձինք ևս կարող են օգտագործել այս տրանսպորտային միջոցները համայնքային ավագանու կողմից սահմանված վայրերում:
Նշվում են նաև այն վայրերը, որտեղ կարելի է վարել այսպիսի միջոցներ. դրանք հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներն են կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիները: Դրանց բացակայության դեպքում անցում է կատարվում երկրորդ գոտուն: Դրանք են ճանապարհների կողնակները, իսկ եթե կողնակներ չկան, ապա երթևեկելի մասում՝ աջամասային տարբերակով:
«Այս կարգավորումները համաշխարհային մակարդակով ընդունված կարգավորումներ են, որևէ նորարարություն չենք նախատեսում»,- ասաց նա:
Ղեկով կառավարվող ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափ սարքեր: Արագության մասով սահմանվել է 20 կմ/ժ-ը: Երթևեկությունը խախտելու դեպքում կնախատեսվի վարչական պատասխանատվություն:
Եվս մեկ որոշում. առաքում իրականացնող անձինք, որոնք երթևեկում են մոպեդներով կամ ինքնագլորներով, պարտավոր են կրել սաղավարտներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ հիմա պարտադիր չէ՞ սաղավարտների կրումը, նախարարի տեղակալը պատասխանեց՝ ոչ: Նշեց, որ որոշման նախագիծը վերաբերում է ինքնագլորների մասով կարգավորումներին՝ մեկ բացառությամբ:
«Մի բացառություն կա անվտանգային կանոնների մասով. եթե խոսքը առաքում իրականացնող անձանց մասին է, որոնք համանման միջոցներ օգտագործելիս պարտավոր են օգտագործել սաղավարտներ, եթե սաղավարտներ չեն օգտագործում, ապա կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»,- պարզաբանեց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ինքնագլորով, այլև հեծանվով և մոպեդով առաքում իրականացնողներին:
Փաշինյանն արձագանքեց՝ լավ կլինի՝ թեման քննարկվի նաև խորհրդարանում, նաև անցնի հանրային քննարկում, քանի որ որոշումները շահառուների լայն շրջանակին են վերաբերում:
«Մենք պետք է այս ոլորտը կարգավորենք, որովհետև նաև, մյուս կողմից, մենք խրախուսում ենք (եթե կարելի է մեր իրականության մեջ ասել) այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործումն ու կիրառումը, բայց, մյուս կողմից, մենք պետք է դրա համար իրատեսական հնարավորություններ ստեղծենք, բայց մյուս կողմից էլ պետք է կարգավորենք, որ խնդիրներ չառաջանան»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց ապահովագրության հարց դնել կազմակերպիչների առջև, ինչի արդյունքում վերջիններս ամեն ինչ կանեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի:
«Շատ եմ տեսել, որ մեքենաներին հարվածում են, գույքային վնասներն ակնհայտորեն տեսանելի են այս սերվիսի հետ կապված»,- ասաց փոխվարչապետը: