Կառավարությունն առաջարկում է երթևեկության կանոններ սահմանել անհատական տեղաշարժման միջոցների՝ ինքնագլորների համար։ Ներքին գործերի նախարարությունը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկում, ըստ որոնց, օրինակ, անչափահասներն այլևս իրավունք չեն ունենա ինքնագլորներով երթևեկել, կսահմանվեն հատուկ գոտիներ, որտեղ կարելի է դրանք վարել, կսահմանվի նաև թույլատրելի առավելագույն արագություն։ Ոլորտի փորձագետները կարգավորումը տեղին, բայց առնվազն մի քանի տարի ուշացած են համարում, թերահավատ են նաև վերահսկողության մեխանիզմերի նկատմամբ։

Գործադիրն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոններ սահմանել նաև անհատական տեղաշարժման միջոցների՝ առավել հայտնի ինքնագլորների համար։ Ներքին գործերի նախարարությունը դիտարկել ու պարզել է, որ հատկապես վերջին տարիներին սրանք լայնորեն կիրառվում են, ու կիրառվում են հատկապես անչափահասների կողմից։ ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասում է՝ միջազգային փորձը հիմք ընդունելով՝ պարզ կանոններ են սահմանել։



«Շատ դեպքերում վերահսկողությունը շատ բարդ է լինում, եթե շատ բարդ կանոններ են նախատեսվում, ուստի դաշտը ճկուն կարգավորելու տեսանկյունից մի քանի բաղադրիչ ենք վերցրել, որ ենթակա են կարգավորման։ Առաջինը՝ սուբյեկտային շրջանակն է, թե ովքեր կարող են օգտագործել ինքնագլորները, երկրորդը երթևեկության պահանջներն են, թե որտեղ կարելի է վարել ինքնագլորներ»։

Կառավարությունն առաջարկում է առհասարակ արգելել մինչև 16 տարեկաններին ինքնագլորներով երթևեկել, իսկ 16-18 տարեկանները կարող են օգտվել այս սարքերից եթե «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։ Կսահմանափակվեն նաև տարածքները, որտեղ կթույլատրվի այս սարքերով երթևեկը։



«Ընդ որում՝ մեր կարգավորումը բրգաձև է, այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, այսինքն՝ առաջնային տեղը տրվում է այն գոտիներին, որտեղ իրականում պետք է լինեն այս տրանսպորտային միջոցները։ Առաջնային առումով  դրանք հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներն են, դրանց բացակայության դեպքում կարող են լինել կողնակները, իսկ դրանց բացակայության դեպքում էլ՝ երթևեկելի գոտիների աջակողմյան հատվածները»,– մանրամասնում է փոխնախարարը։

Ինքնագլորով երթևեկելու դեպքում  դրա արագությունը չպետք է գերազանցի 20կմ/ժ–ը։ Եթե ինքնագլորը երթևեկում է հետիոտների հետ, ապա ցանկացած պարագայում հետիոտներն առավելություն ունեն, իսկ եթե երկուականի երկաթե սարքը խանգարում է հետիոտների շարժին, ապա կառավարության առաջարկած նախագծով, ինքնագլոր օգտագործող անձը պարտավոր է հրաժարվել դրանով երթևեկելու մտքից։ Նախագծով առաջարկվում է արգելել նաև ինքնագլորներով ուղևոր կամ բեռ տեղափոխելը, իսկ առաքումներ իրականացնղները պարտավոր են ինքնագլոր վարելիս նաև սաղավարտ կրել։



«Որպես կանոն՝ երկու դեպք կարող ենք ունենալ, կամ անձիք ունենում են սեփական ինքնագլորներ, կամ վարձակալությամբ ընդունում են տարբեր ընկերությունների կողմից տրամադրված ինքնագլորները և այս դեպքում նախատեսում ենք, որ այս սարքերը անպայման պետք է ունենան ստուգաչափման սարքեր՝ հատկապես ղեկով կարգավորվող ինքնագլորները և նախատեսում ենք որ այս կանոնը պետք է ուժի մեջ մտնի 2025թ սեպտեմբերի 1-ից հաշվի առնելով այսպիսի սարքերի կահավորման համար բավարար ժամանակ տալը»։

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ իրականացնել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ու ըստ այդմ՝ տուգանքներ սահմանել առաջարկվող կանոնները չպահպանելու համար։ Եթե ինքնագլոր վարողը խախտի կանոնները, կտուգանվի  5-ից մինչև 10 հազար դրամով։



«Այստեղ բնավ խոսքն անպայմանորեն պատասխանատվության ենթարկելու մասին չէ։ Շատ կարևոր է ձևավորել այնպիսի մշակույթ, որը թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այսպիսի միջոցների տարածվածությունը ու նաև այն հանգամանքը, թե ովքեր են ինքնագլորների շահառուները»։

Նախաձեռնությունը ողջունելի, բայց առնվազն մի քանի տարի ուշացած է՝ կարծում է երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Կարգավորումից բացի՝ շատ կարևոր է նաև վերահսկողության մեխանիզմեր գտնելը, մասնագետի կարծիքով՝ այստեղ թերացումներ կլինեն։

«Վերջապես նախաձեռնությունը եղել է ու դրական կողմ ունի․ այսուհետ վարորդները օրենքով պաշտպանված կլինեն, իհարկե հաջորդիվ խնդիր կա վերահսկողության, դրանից հետո խնդիր կա նաև ապահովագրության։ Պիտի նախ գույքային վնասի ռիսկերը գույքագրվեն և հատկապես առողջության ռիսկերը»,– ասում է Խաչատրյանը։



Պատահարների ռիսկերի ու ապահովագրության մասին մտածում  է նաև Կառավարությունը, բայց գործընթացի հաջորդ փուլում։։  Արտակ Խաչատրյանը նման վեճերի հաճախ է հանդիպել, ասում է՝ իրավական որևէ կարգավորում չկա, թե օրինակ ինքնագլորի ու մեքենայի վթարի դեպքում ինչպես են փոխհատուցվում վնասները։

«Հատկապես օտարերկրյա քաղաքացիները շատ են վնասում ավտոմեքենաներ, վերջերս նրանցից մեկը վթարից հետո ասել էր՝ no money, no police։ Ընդամենը դա է, ուրիշ բան չկա անելու։ ԱՊՊԱ–ի պետքն էլ չի, իրենց շատ երկար ժամանակ է պետք, գոնե վարձով տրվող կազմակերպությունների մասով պետք է երաշխավորել, որ դրանք պարտավոր են ռիսկերն ապահովագրել»։

Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց առաջարկվող նախագծին, իսկ թե ինքնագլորները երթևեկության կանոներ կունենա՞ն, թե՞ ոչ, առաջիկայում կորոշի Ազգային ժողովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն