Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և N3, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում գտնվող N2, Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում գտնվող N4 և Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնովող N5 հանրային լողափերը։

Նախարարի տեղակալը ծանոթացել է հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և քաղաքացինելրի ջրափնյա հանգստի կազմակերպման անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները, ժամկետները և տվել մի շարք հանձնարարականներ։

Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լողափնյա սեզոնին հանրային լողափերի ծառայություններից օգտվում են մեծ թվով ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ։

Ուստի նախարարի տեղակալն ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանին և աշխատակիցներին ևս մեկ անգամ հորդորել է առավել հետևողական լինել, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և բարձր որակի։



Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն առանձնահատուկ շեշտել է, որպեսզի քաղաքացիները պատշաճ իրազեկված լինեն լողափերում մատուցվող անվճար և վճարովի ծառայությունների վերաբերյալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են․

  • հանրային լողափեր քաղաքացիների մուտքն անվճար է, որտեղ գործում են անվճար հանդերձարաններ, հովհանոցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ,
  • հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը,
  • լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ամփոփելով այցը, նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը ջանք չի խնայում քաղաքացիների ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, քաղաքացիներին էլ հորդորում է հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահել մեր շրջակա միջավայրը, չվնասելով հանրային լողափերի գույքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն