ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը:
ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ կապերի զարգացումը: Այս համատեքստում շեշտվել է, որ Երևանն ու Լայպցիգը հանդիսանում են քույր քաղաքներ, ինչը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում։
Մասնավորապես, կարևորվել է Երևանի և Լայպցիգի բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրկրթական դպրոցների միջև ուղիղ կապերի ստեղծումը: Քննարկվել են փոխանակման ծրագրերի իրականացման և համատեղ միջազգային կրթական ծրագրերի դիմելու հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը:
ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը քննարկել են համատեղ համերգների անցկացման, երիտասարդ կատարողների համար համապատասխան հարթակների ձևավորման և այլ հարցեր:
Քննարկվել է նաև հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի՝ Լայպցիգում ուսանելու տարիներին զբաղեցրած բնակարանի բակում հուշատախտակ տեղադրելու հնարավորությունը: ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լայբնից գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ (GWZO), փոխտնօրեն Յուլիա Հերցբերգի ուղեկցությամբ շրջել ինստիտուտում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ենթակառուցվածքներին: Կողմերը քննարկել են համատեղ կրթաթոշակային ծրագիր ունենալու հնարավորությունը՝ հայագիտական հետազոտությունների ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել գերմանացի և հայ հետազոտողների՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ արտերկրի գիտնականների համար նախատեսված ծրագրերին համատեղ մասնակցության հնարավորությունը:
Լայպցիգում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև փոխքաղաքապետ, Երիտասարդության, դպրոցների և ժողովրդավարության բաժանմունքի ղեկավար Վիկի Ֆելթհաուսի հետ:
Քննարկվել են երիտասարդների փոխանակման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի և Լայպցիգի երիտասարդական կազմակերպություններից մեկի միջև համագործակցության հնարավորությունները՝ փոխադարձ այցերի և այլ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Գերմանական կողմը նաև հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ հայաստանյան փորձով, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնների գործունեությամբ, ինչպես նաև դպրոցներում Շախմատ առարկայի դասավանդմամբ:
Երիտասարդական քաղաքականության ուղղությամբ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև ԵԽ որակի հավաստագիր ունեցող երիտասարդական կենտրոնների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ-ում բացվող երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից են եվրոպական երիտասարդական կենտրոնների ցանցի հետ համագործակցությունն ու կապերի սերտացումը, որը նաև կնպաստի կարողությունների բարելավմանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսություն, հանդիպել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Միխաել Կրեչմերիի հետ: