Քրեական գործ է հարուցված, քննչական մարմինները հաստատել են, որ նման բան գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իր որդուն վերագրվող այն խոսակցություններին, թե Օհանյանի որդին ինքն իր վրա է կրակել։

Նա նաեւ նշեց, որ 44–օրյա մարտական գործողությունների ժամանակ իր որդին եղել է զորամասի հրամանատար ու վիրավորվել է։ Վիրավորվել է նաեւ նրա օգնականը, մյուս հորեղբոր 2 թոռները, զոհվել են օգնականներից մեկը, Քարին տակի իր բարեկամը։

«Եթե դեպքերի հանգամանքները պարզեք, նա գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի շատ հեռու էր առաջին գծից, նաեւ իր զորամասի շարժման ժամանակ։ Եթե նա վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը եւ մեկներ առաջին գիծ՝ ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերելու համար։ Ոմանք ասում են, թե տանկի մեջ է իրեն վնասել՝ չհասկանալով, որ իր զորամասը տանկային չէ, այլ մոտոհրաձգային»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ իր զավակը ծառայության ընթացքում բարձր պաշտոներ ստանալու հարցում չի աջակցել, ինքնուրույն է ձեռք բերել ծառայողական առաջխաղացումը։ «Զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ զրույցի է կանչել անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Բայց զորամասի հրամանատարի նշանակումը վարչապետի գործառույթը չէ։ Խոսակցությունը հետեւյալն է եղել. հաշվի առնելով հայտնի իրադարձությունները, ես հրավիրել եմ ձեզ զրուցելու։ թե որն է հայտնի իրադարձությունները, ես չգիտեմ։ Իմ որդին պատասխանել է՝ ես ծառայել ու ծառայելու եմ իմ հայրենիքին, եւ ես երբեւիցե չեմ կարող հրաժարվել իմ հայրիկից»։

Օհանյանն անընդունելի է համարում իր որդու թեման ԱԺ–ում շահարկելը, առավել եւս, որ  բացահայտ սուտ է, թե որդին ինքն իր ոտքին է կրակել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն