Եվրոպական խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ` նշված է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։

Նշվում է, որ Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նահանջ է այն քայլերից, որոնք շարադրված են Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հանձնարարականում:

«Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների ներկայիս ընթացքը, որը վտանգում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և դե ֆակտո հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը: Եվրոպական խորհուրդը կոչ է անում վերջ դնել Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ահաբեկման, սպառնալիքների և ֆիզիկական բռնության հաճախակի դարձած գործողություններին»,- նշված է փաստաթղթում:

Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին նաև կոչ է արել ապահովել աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրության ազատ և արդար ընթացքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն