Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար  Ալեն Բերսեին: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։

Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին շարունակվող աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներով: Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ լուրջ փորձության են ենթարկվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։

Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի  պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման:

Ցանկանում եմ հաստատել, որ այդ պատասխանատու առաքելությունում Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը։

Վերստին շնորհավորանքներ հղելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ուրախ կլինեմ առաջին իսկ պատեհ առիթով Ձեզ հանդիպել, ինչպես նաև հյուրընկալել Ձեզ Հայաստանում»: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն