ՀՀ սահմանների անխախտելիությունը մենք պաշտպանելու ենք. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը մենք պաշտպանելու ենք։ Այդ մասին Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը։
«Ռազմագերիների վերադարձի հարցում փորձելու ենք աջակցել. ԱԺ նախագահի հետ ևս մենք խոսեցինք այդ մասին»,- նշեց նա։
«Հայաստանի մարդկանցով ես շատ եմ ոգեշնչված. դուք հարյուրավոր տարիներ այսպիսի իրավիճակների բախվել եք և կարողացել հաջողված դուրս գալ այդ իրավիճակներից, և ես կարծում եմ, որ ի վերջո այստեղ՝ Հարավային Կովկասում, կլինի կայունություն, և դա շահավետ լինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համար»,- ասաց Ուիլսոնը։
«Խաղաղության համաձայնագրի նպատակը Հայաստանի համար պետք է ապահովել, որ սահմանների նկատմամբ ռազմական հարձակումներ չլինեն, և Հայաստանի մարդիկ պետք է վստահություն ունենան, որ կարող են հանգիստ ապրել, և չկա ռազմական գործողությունների սպառնալիք»,- ասաց Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը։
«Սա նաև հարաբերությունների կարգավորում է, և սահմանային անցակետերը բաց կլինեն, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար. ոչ միայն մարդկանց տեղաշարժի այլ նաև առևտրի նպատակով: Սրանք են խաղաղության համաձայնագրի նպատակները»,- նշեց նա։
«Մենք աջակցում ենք բոլոր պահվող անձանց ազատ արձակմանը, նաև մշակութային ժառանգության պաշտպանության հարցերն ենք կարևորում, բայց Հայաստանի համար խաղաղության համաձայնությունը կարևոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի, և կլինի հարաբերությունների կարգավորում, բաց կլինեն սահմանային անցակետերը, և այլ չկարգավորված հարցերի ուղղությամբ քայլեր կիրականացվեն, և մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղության համաձայնությունը հնարավորինս շուտ ստորագրվի»,- ասաց Բին Կարդենը։