ԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ ժողովրդավարական զարգացմանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակության այցը Հայաստան աննախադեպ էր այն առումով, որ պատվիրակությունը երկկուսակցական էր՝ ընդգրկելով հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների, ինչպես նաև այն ներառում էր թե՛ Սենատի և թե՛ Ներկայացուցիչների պալատի անդամների։ Այս պատվիրակությունում ներկայացված էին այնպիսի կարևորագույն քաղաքական ինստիտուտների անդամներ, ինչպիսիք են ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն (ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ պատվիրակություն), Սենատի Արտաքին հարաբերությունների և Զինված ծառայությունների հանձնաժողովները։ Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նրանք խոստացան շարունակական ջանքեր գործադրել՝ նպաստելու Ադրբեջանի հետ խաղաղության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու համար։
Քննարկումների առանցքում էր նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք գնալով դառնում են ավելի ընդլայնված ու համապարփակ, և ակնհայտ է, որ հարաբերությունների՝ ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության անցումը արդարացված է և ժամանակին։
Ուրախ եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում սկսված այս կարևոր համագործակցությունը շարունակվում է նման կարևոր այցի ձևաչափով»,- գրել է Խանդանյանը։