Հակառակ հարցումների՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարումից հետո հապճեպ հավաքված ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատը», տոնում է իր անակնկալ հաղթանակը կիրակի կայացած ընտրության երկրորդ փուլում՝ գրում է Euronews-ը։

Ըստ վերլուծաբանների՝ ձախերը դեռ հեռու են կառավարության ձևավորումից. վերջնական արդյունքների համաձայն՝ դաշինքը ստանում է 182 մանդատ Ազգային ժողովում, բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ է ևս հարյուր մանդատ։

Չնայած ընտրության երկրորդ փուլում նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կենտրոնամետ «Միասին հանուն հանրապետության» դաշինքն առաջ է անցել և նույնիսկ զբաղեցրել երկրորդ տեղը (168 մանդատ), սակայն նրանք կորցրել են զգալի ազդեցությունը օրենսդիր մարմնում։

Առաջին փուլի հաղթող, մրցավազքի ֆավորիտ ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորումը բավարարվելու է երրորդ տեղով (143 պատգամավոր)։

Ներկայիս իշխանությունների կոշտ քննադատ Ժան Լյուկ Մելանշոնը՝ ձախ դաշինքի առաջնորդը, որում ընդգրկված են սոցիալիստները, «Կանաչները» և կոմունիստները, արդեն հայտարարել է, որ «Նոր Ժողովրդական ճակատը» պատրաստ է երկրի կառավարմանը:

Euronews-ը գրում է, որ Ֆրանսիայի համար նոր չէ, երբ նախագահն ու վարչապետը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, և Մակրոնն ունի կառավարության ձևավորման մի քանի տարբերակ, այդ թվում՝ տեխնիկական կաբինետի ձևավորում և մեկ տարի վերընտրություն կամ, օրինակ՝ կոալիցիոն բանակցություններ՝ ըստ գերմանական սցենարի, չափավոր ձախերի ու աջերի հետ։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ կսպասի խորհրդարանական նոր խմբակցությունների ստեղծմանը և ուժերի վերջնական դասավորությանը՝ նախքան «անհրաժեշտ որոշումներ» կայացնելը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն