Ու լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու հայտարարությունների հետ հույսեր են փայփայում․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել:
Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով պահանջում է հայերի վերադարձը Արցախ, նույն օրը, մյուս գրպանից, հանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, ով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարի հետ քննարկում է ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, իսկ դրանից առաջ ԱՄՆ պետդեպի տեղակալը Բաքվում գովում էր Ադրբեջանին, որ իր «համարձակ» քայլերով Հարավային Կովկասին խաղաղություն է բերում:
Ու լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու նման հայտարարությունների հետ հույսեր են փայփայում:
Այնպես չէ, որ միայն ԱՄՆ-ն է իրեն այդպես պահում, դա հին քաղաքական ավանդույթ է, ով կարողանում է, անում է, ուղղակի ԱՄՆ-ի մոտ շատ «համոզիչ» ու դեմոկրատական ձևով է դա ստացվում»: