Ռուբեն Ռուբինյանը և Իրանի Մեջլիսի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա:
Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր: