Ազգային ժողովի՝ հուլիսի 12-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր: Դրանց թվում է ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է գեոդեզիական գործունեության տարատեսակ համարվող նոր՝ մարկշեյդերական գործունեությամբ զբաղվելու իրավունքի տրամադրում:

Երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, համաձայն որի՝ Կառավարությանը լիազորություն կտրվի՝ ունիվերսալ կերպով հաստատելու բոլոր ներդրումային ծրագրերը:

«Այսօր Կառավարությունը երեք դեպքով նվազագույնը մի իրավիճակի առաջ է կանգնած, երբ ներդրողները պատրաստ են բազմամիլիոնանոց ծրագրեր իրականացնել, սակայն Կառավարությունը չունի այդպիսի լիազորություն՝ այդ ներդրումային ծրագրերը հաստատելու»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ նման հնարավորության դեպքում Կառավարությունն արագորեն երկու ներդրումային ծրագիր կհաստատի:

Ընդունվեց նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում՝ միայն հիվանդանոցային պայմաններում՝ բժշկի հսկողության տակ:

Բարձրացել է նաև փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ 35-ից դառնալով 38 տարեկան: Փոփոխվել է նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը՝ սահմանվելով մինչև 55 տարեկանը:

Հուլիսի 11-ին մեկնարկած արտահերթ նիստն ավարտվեց: Ազգային ժողովը գնում է արձակուրդ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն