ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի իր ելույթում  նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:

«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:

«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,- ասել է Ռուբինյանը:

Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն