Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել երկրի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին:

«Ֆրանսիան կշարունակի հավատարիմ մնալ բոլոր միջազգային պարտավորություններին՝ լինի դա աջակցությունը Եվրոպային, Հյուսիսատլանտյան դաշինքին թե Ուկրաինային։ Փաստն այն է, որ դրան համաձայն են ԱԺ-ում մեծամասնություն ստացած քաղաքական ուժերը, իսկ նրանք, ովքեր կցանկանային վերանայել այդ առաջնահերթությունները, չկարողացան մեծամասնություն կազմել»,- ասել է Մակրոնը:

Վաշինգտոնից վերադառնալով՝ Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 16-ին կընդունի Գաբրիել Ատալի հրաժարականը։ Ենթադրվում է, որ նա կղեկավարի նախագահական կուսակցության «Վերածնունդ» խմբակցությունը խորհրդարանում՝ գրում է Euronews-ը։

Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրությանների երկրորդ փուլում հաղթած ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը խորհրդակցություններ է անցկացնում վարչապետի թեկնածուի հարցով։ Ուրբաթ ձախ դաշինքին պատկանող կոմունիստներն առաջարկել են Ռեյունիոնի շրջանային խորհրդի ղեկավար Յուգետ Բելոյի թեկնածությունը։

Երրորդ տեղը զբաղեցրած ուլտրաաջներն արդեն հայտարարել են, որ եթե ձախերի առաջարկած կառավարության կազմում ընդգրկվի ծայրահեղ ձախակողմյան «Անպարտելի Ֆրանսիա» կամ «Կանաչների» կուսակցության թեկուզ մեկ անդամ, իրենք քվեարկության ժամանակ չեն աջակցի կառավարությանը: Նույնը, բայց միայն «Անպարտելի Ֆրանսիայի» դեպքում, հայտարարել են երկրորդ տեղը զբաղեցրած նախագահամետ ուժերի ներկայացուցիչները։

Նախօրեին Էմանուել Մակրոնը բաց նամակով դիմել էր համաքաղաքացիներին և քաղաքական կուսակցություններին՝ կոչ անելով ստեղծել հանրապետական լայն կոալիցիա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն