Ստեփանակերտում բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչեւ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչեւ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին եւ ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,– ասվում է հաղորդագրության մեջ։