Ինչու՞ են Պետրոսյանն ու Զաքարյանը հանդիպել Ստեպաշինին․ Բագրատ Սրբազանը տեղյա՞կ եղել է
Տավուշը հանուն հայրենիքի շարժման Երևան հասնելուց և մայիսի 9-ի հանահավաքից հետո մամուլը գրեց, որ շարժման ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը մեկնել է Մոսկվա։ Պետրոսյանը վերադարձից հետո հրապարակային որևէ մեկնաբանություն չտվեց և չբացահայտեց, թե ինչու էր գնացել Մոսկվա և ու՞մ հետ էր հանդիպել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, կուլիսներում Սուրեն Պետրոսյանը ասել էր, թե հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ և որ լուրջ հարցեր է քննարկել։
Պետրոսյանի Մոկսվա գնալուց շաբաթներ անց միայն մեզ հայտնի դարձավ, որ նրան ՌԴ մայրաքաղաք է տարել ընդդիմության շարքերից Նիկոլ Փաշինյանի գիրկը փախած, Պատիվ ունեմ խմբակցության կազմում ԱԺ մանդատ ստացած Իշխան Զաքարյանը։
Հիմա նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Պարզվում է Սուրեն Պետրոսյանը ոչ միայն Լավրովին չի հանդիպել, այլև ՌԴ ԱԳ նախարարին մի քանի կիլոմետր հեռվից տեսնելու հանարավորություն չի ունեցել։ Իշխան Զաքարյանը կարողացել է Սուրեն Պետրոսյանին տանել միայն իր նախկին գործընկեր, ՌԴ Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինի մոտ։ Պետրոսյանն իհարկե կարող էր ոգևորվել, որ իրեն Մոսկվայում ազգությամբ ռուս գործիչ է ընդունում, բայց Ստեպաշինը այնքան հեռու է Ռուսաստանի քաղաքական խոհանոցից, որ կարելի էր անգամ չհանդիպել։ Արդյունքը միանշանակ նույնն էր լինելու։ Ռուսաստանում հանդիպել Ստեպաշինի հետ և հույս ունենալ, որ դրանով կարող ես չնչին անգամ ազդեցություն ունենալ Հայաստանի մասով ռուսական օրակարգի վրա, դա նույն է ինչ Հայաստանում հանդիպես Աշոտ Մանուչարյանին և հույս ունենաս ազդել իշխանության վարած քաղաքականության վրա։
Պետրոսյանի Մոսկվա կատարած այցի մասով իրականում այլ հարցեր են առաջանում, որին արդեն ինքը պետք է պատասխանի, եթե իհարկե, ի վերջո, կամք ունենա «քաղաքական ընդհատակից» դուրս գալ։ Առաջին հարցն այն է, թե ինչու՞ է Տավուշը հանուն հայրենիքի շարժման ներկայացուցչին Մոսկվա տարել ընդդիմության շարքերից Նիկոլ Փաշինյանի գիրկը փախած, Պատիվ ունեմ խմբակցության կազմում ԱԺ մանդատ ստացած Իշխան Զաքարյանը։ Ի՞նչն է կապում ընդդիմադիր շարժման առաջնորդ ներկայացողին և ընդդիմության շարքերից Նիկոլ Փաշինյանի գիրկը փախած Իշխան Զաքարյանին։
Վերջում մեկ հարց էլ շարժումն իրապես առաջնորդող հարգարժան Բագրատ Սրբազանին, տեղյա՞կ եղել է ինքը, որ իր կողմից շարժում ներգրավված և առաջնորդ ներկայացող Սուրեն Պետրոսյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ընդդիմության շարքերից Նիկոլ Փաշինյանի գիրկը փախած Իշխան Զաքարյանի հետ և միջնորդությամբ։ Եթե տեղյակ է, ապա ինչպե՞ս է բացատրվում այդ իրողությունը։