Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ․ «Վեոլիա Ջուր»-ը լավ չի սպասարկում, քննարկվում է պայմանագրի վերանայումը. Կամո Արեյան
Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ։
Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը: «Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարգ գոյություն չունի, կազմում է 18,8 կմ»,- ասաց նա։ Նա տեղեկացրեց, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։ «Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք է մեծանա»,- ասաց Արեյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ինչպես հասկանում ենք, չենք լսելու»: Ավինյանը հանձնարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին մյուս տարվա գնումների մեջ նախատեսել հատուկ տեխնիկա, որ «Վեոլիա Ջուր» ընկերության թերացման դեպքում քաղաքապետարանը կարողանա կազմակերպել հեղեղատարերի մաքրման աշխատանքները։ Կամո Արեյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը։ «Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, փոխվարչապետը հանձնարարել է բոլոր կողմերին ներկայացնել առաջարկությունները։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք կրկնակի քննարկման»,– ասաց նա։ Ըստ Արեյանի՝ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն։