Հայաստանի հանքարդյունաբերության խոշորագույն կենտրոն Քաջարանում ավանդաբար հատուկ շուքով են նշում Հանքագործի և մետալուրգի օրը: Դա հիրավի համաքաղաքային տոն է, քանի որ քաջարանցիների մեծամասնությունը սերտորեն կապված է Հայաստանի արդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ ձևավորվել և արդեն 72 տարի աճում և զարգանում է այս յուրօրինակ բնակավայրը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կյանքի ուղեգիր է տվել քաջարանցիների տարբեր սերունդների: Ձեռնարկության ղեկավարությունն էլ մշտական հոգատարությամբ և ուշադրությամբ է պատասխանում հարազատ քաղաքի բնակիչներին: Այսօր Քաջարանը խնամված, գեղեցիկ և կոկիկ քաղաք է, որտեղ մի պահ նույնիսկ մոռանում ես, որ գտնվում ես մայրաքաղաքից 330 կմ հեռու:

Պարում են բոլորը՝ նույնիսկ մեքենաները 

Տպավորություններն ավելի ամբողջական են դառնում բուն հանքում, որտեղից միլիոնավոր տոննաների թանկարժեք և աշխարհում անչափ պահանջված հանքանյութը տեղափոխվում է տարբեր երկրներ ու վերածվում ժամանակակից տեխնիկական նվաճումների կարևորագույն բաղադրիչների: Այստեղ բոլորովին այլ չափեր ու երանգներ են. դեպի երկինք խոյացող երփներանգ ժայռերը ձևավորել են բնական ամֆիթատրոն, ինչն ավելի խորհրդավոր տեսք է հաղորդում շրջապատին: Այդ խորապատկերում մեքենաների «պարը» միայն խորացրեց գիտական ֆանտաստիկայի տիրույթում հայտնվելու զգացողությունը:   

Հրաբխի խառնարանի նմանվող տարածքում հնչեց Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սուսերով պար»-ի երաժշտությունը և հեքիաթային քնած հսկաների հիշեցնող ծանրաշարժ տեխնիկան անսպասելիորեն «արթնանալով»՝ սկսեց զարմանալի ճկունությամբ պարային շարժումներ կատարել: Էքսկավատորները բարձրացրին շերեփները, իսկ բեռնատարները՝ թափքերը և բալետի իրական աստղերի պես ողջունեցին ներկաներին: Հետո բեռնատարները պայքարի ոգով տոգորված գեղեցկուհիների վճռականությամբ կանոնավոր պտույտներ գործեցին ազատության իրենց «ասպետների»՝ շերեփները սուսերների պես աջ ու ձախ ճոճող «առնական» էքսկավատորների շուրջ: Զարմանահրաշ ներկայացումը ճապոնական հանրահայտ «Komatsu» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր ԶՊՄԿ-ի ղեկավարությունը։ Այդ և այլ ընկերությունների հուսալի տեխնիկան է այսօր ապահովում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործունեությունը:

Դա ինքնատիպ նվեր էր ծանր տեխնիկայով աշխատող հանքագործների համար և, իհարկե, հարմար առիթ՝ ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու համար։ 

Տասնամյակների պատմությամբ և ժամանակակից ոգով

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի և նրա համայնքների ղեկավարները, օտարերկրյա հյուրեր, «Komatsu» ընկերության, Հայաստանում գործող հանքարդյունաբերական տարբեր ընկերությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և, իհարկե, ԶՊՄԿ-ի աշխատակիցները։ 

Ողջունելով ներկաներին՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը նշեց, որ կոմբինատում հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակին համահունչ շարժվելուն, տեխնիկայի արդիականացմանը և համալրմանը:



«Ամենօրյա աշխատանքում օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ։ «Komatsu»-ն ժամանակակից շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է այդ մակնիշի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար»,- ասաց նա: 

«Komatsu» ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն հայտնեց ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության և իրենց տեխնիկային վստահելու համար։ 



Ի դեպ, ԶՊՄԿ-ի մամուլի քարտուղար Արայիկ Մարգարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ տարածքում աշխատում են տարբեր չափի, տարողունակության և հզորության մեքենաներ՝ 180 տոննայանոց «Caterpillar»-ներ, 90 տոննայանոց՝ «Komatsu» բեռնատարներ: Նա նշեց, որ տեղական պայմաններում առավել արդյունավետ են 90 տոննայանոց մեքենաները: 

Աննկուն մշակի պես շարունակում են աշխատել նաև խորհրդային ավտոպրոմի հսկաները, այդ թվում՝ «ԲելԱզ»-ները: Կա նույնիսկ երկու էլեկտրական էքսկավատոր, որոնցից մեկը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, արտադրվել է 48 տարի առաջ: 

Իսկ թնդանոթը ջրային է

Արայիկ Մարգարյանը ուշադրություն հրավիրեց նաև այսպես կոչված ջրային թնդանոթին, որը նախատեսված է ջուրը գոլորշու, մառախուղի վերածելու և այն մինչև 120 մետր հեռավորության վրա մղելու համար: Դա թույլ է տալիս դժվարամատչելի տեղերում նվազեցնել, վերացնել օդում փոշու պարունակությունը: Այս հրաշք սարքը ժամում մինչև 10 տոննա ջուր է մղում: 

Ընթանալ առաջ՝ չմոռանալով անցյալը

Իսկ տոնական միջոցառումները շարունակվեցին Քաջարանի մշակույթի պալատում, որի հրաշալի տեսքը նույնպես տպավորեց: Հանդիսավոր նիստին նախորդեց ԶՊՄԿ-ի տարեգրությունը ներկայացնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ 70. հանքաշխարհի լեգենդը» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Գրող, պատմաբան, ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի նախկին երկարամյա ղեկավար Սոս Դավթյանի հեղինակած այդ պատմագրությունը հայերենով ընթերցողի դատին է ներկայացվել կոմբինատի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ռուսերեն տարբերակի առաջին օրինակները (հեղինակի անվանական մակագրությամբ) հանձնվեցին Ռոման Խուդոլիյին և նրա առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին: Նշվեց, որ գիրքը նախատեսվում է թարգմանել նաև այլ լեզուներով: Հատկանշական է, որ ԶՊՄԿ-ի օրինակով նման վավերագրություն է պատրաստվում ունենալ նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:



Շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, պարգևատրություն

Հանդիսավոր նիստի ընթացքում հանքագործներին և մետալուրգներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, որն ընդգծեց կոմբինատի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա ներդրումը ձեռնարկության զարգացման գործում:

«Լեռնահանքային արտադրությունը ժամանակակից արդյունաբերության ամենաբարդ և դժվարին ոլորտներից է: Այստեղ համադրվում են տարբեր մասնագիտությունների մարդկանց գործառույթները՝ տեխնոլոգի և բանվորի, երկրաբանի և պռոյեկտանտի, հանքափորի և հարստացնողի: Այստեղ հարստացման և մետալուրգիայի տեխնոլոգիան միահյուսվում են լեռնային արդյունահանման միջոցներին և ընդերքի հետախուզությանը: Ցանկանում եմ շնորհավորել ԶՊՄԿ-ի 4.5 հազարանոց կոլեկտիվին, մեր ողջ թիմին: Սա բոլորիս տոնն է: Բոլորս կատարում ենք ընդհանուր գործ, որն ուղղված է Հայաստանի բարեկեցության, մեր լեգենդար ձեռնարկության նոր նվաճումների ապահովմանը, նրա փառավոր ավանդույթների և աշխատանքային սխրանքների պատմությունը շարունակելուն: 

Տարվա ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել մարտավարական խնդիրների լուծման ճանապարհին: Արդիականացնում ենք առկա արտադրությունը, ստեղծում ենք նոր հզորություններ, որոնք թույլ են տալիս դուրս գալ արտադրողականության և ժամանակակից տեխնոլոգիաների նոր մակարդակի: 



1952 թվականին՝ կոմբինատի հիմնադրման առաջին տարում, արդյունահանվել և վերամշակվել էր 215 հազար տոննա հանքանյութ: Այսօր դա մեր եռօրյա աշխատանքի ցուցանիշն է: Երեք տարի անց նախատեսում ենք վերամշակումը հասցնել տարեկան մինչև 30 մլն տոննայի: 

Միասին արդեն շատ գործ ենք կատարել, շատ բան էլ դեռ առջևում է: Նվաճումների ուղին ենթադրում է բարդ խնդիրների լուծում: Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, ինովացիոն, բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն: Դա է համաշխարհային նշանակության ընկերության կայացման ճանապարհը»,- նշեց Ռոման Խուդոլիյը: 

Նա տեղեկացրեց նաև, որ ընկերությունում արդեն ընդունվել և իրագործվում է կապիտալ ներդրումների մարտավարական ծրագիրը: Անցյալ տարվանից սկսվել է ավտոմոտիզացման և թվային տրանսֆորմացման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2026 թվականին: Ռոման Խուդոլիյի գնահատմամբ՝ թվային տեխնոլոգիաներին անցնելը նշանակում է արտադրական բոլոր գործընթացների որակապես այլ կառավարում, թափանցիկության և վերահսկողության ժամանակակից մակարդակի ապահովում: 

Նշվեց նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում սկսել է գործել ԶՊՄԿ-ի ուսումնական կենտրոնը: Հսկայական ջանքեր են ներդրվել աշխատակիցների անվտանգության ապահովման տեխնիկայի ստեղծման, ներդրման և կատարելագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: 

Իսկ սոցիալական և բարեգործական նպատակների համար կոմբինատը նախատեսում է հատկացնել ավելի քան 6 մլրդ դրամ: 2021 թվականից Հայաստանի առաջատար հարկատուի պատվավոր կարգավիճակը պահպանող ձեռնարկությունն այս տարի մտադիր է հարկային պարտավորությունների ծավալը հասցնել շուրջ 100 մլրդ դրամի:



Ներկաներին ողջունեց նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը. «Հանքարդյունաբերությունը տնտեսական հսկայական նշանակություն ունի բոլոր երկրների համար: Սյունիքի մարզի այսօրվա տնտեսական պատկերը դժվար է պատկերացնել առանց հանքագործի, մետալուրգի աշխատանքի: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և ՀՀ կառավարությունը (մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների անմիջական ներգրավվածությամբ) համատեղ իրականացնում են բազմաթիվ ծրագրեր և աշխատանքներ: Այդ համագործակցությունն օրեցօր տեսանելի է դառնում յուրաքանչյուր մարդու կյանքում: Վստահ եմ, որ դեռ շատ երկար ժամանակ հանքարդյունաբերությունը մնալու է Սյունիքի մարզի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ նպաստելով նաև այլ ոլորտների զարգացմանը»: 



Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ արձանագրեց. «Այսօր կրկնակի տոն է Քաջարանի և քաջարանցիների համար, քանի որ այստեղ է գտնվում հանքագործների դարբնոցը և հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Աշխատավորների, մետալուրգների և աշխատանքի հերոսների քաղաք Քաջարանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվը: Տեղին է նշել, որ Քաջարանում ամեն երկրորդ բնակիչ ճակատագրի բերումով կրում է հանքագործի և մետալուրգի պատվավոր կոչումը»: 

Կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում գրանցած աշխատանքային նվաճումների համար: Ի դեպ, 2023 թվականին պարգևատրվել էին 70 նվիրյալներ:

Տոնական օրն ավարտվեց համերգային ծրագրով և գաստրո-տոնավաճառով։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն