Փարիզի խանութների, սրճարանների և ռեստորանների այցելուների թվի կտրուկ անկումը պայմանավորված է մայրաքաղաքային բնակչության արտահոսքով և 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ օտարերկրյա զբոսաշրջիկների սովորականից ավելի փոքր հոսքով, ինչը կասկածի տակ է դնում դրա կազմակերպիչների՝ խաղերից շահույթներ ստանալու հույսերը, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։

Ըստ Փարիզի տարածաշրջանի Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի ղեկավար Բեռնար Քոհեն-Հադադի, որոշ ռեստորանների սեփականատերեր խնդիրներ ունեն վարձավճարների և աշխատավարձերի վճարման հետ կապված, քանի որ այցելուների քանակը կրճատվել է 50%-ով։ «Մենք ենթադրում էինք, որ դժվարություններ կառաջանան, բայց չէինք սպասում ֆրանսիացի և օտարերկրյա զբոսաշրջիկների թվի նման կտրուկ անկում»,- ասել է Քոհեն-Հադադը։

«Տնտեսական վիճակն արդեն շատերի համար ծանր էր գնաճի և էներգակիրների բարձր գների պատճառով»,- ասում է առևտրային ընկերությունների ֆեդերացիայի ղեկավար Ֆրենսիս Պալոմբին։ Այժմ շատ փարիզցիներ, նկատի ունենալով COVID-19 կարանտինի հետ կապված տագնապալի իրադարձությունները, որոշել են արագ հեռանալ քաղաքից, ասել է նա:

Փարիզի զբոսաշրջության գրասենյակը և գործարար համայնքն ակնկալում են, որ իրավիճակը կփոխվի Օլիմպիական խաղերի ընթացքում։ Ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքից զբոսաշրջիկները կվերադառանան Փարիզ, ինչպես նաև 15 տոկոսով կաճի ամերիկացի զբոսաշրջիկների թիվը: Կանխատեսվում է նաև, որ Եվրոպայից ճանապարհորդների թիվը խաղերի ժամանակ կավելանա 24%-ով։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն