Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույք եմ ստանում սպորտից. Արթուր Ալեքսանյանը՝ Փարիզ-2024-ին ընդառաջ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ օլիմպիական խաղերը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Արթուր Ալեքսանյան
Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:
- Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:
- Ինձ համար բոլոր օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:
- Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:
- Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:
- Արդյոք ինքներդ ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:
- Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:
- Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ օլիմպիական խաղերից:
- Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:
- Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր օլիմպիական թիմի մասին:
- Նախորդ երեք օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:
- Իսկ ինչպիսի՞ն է օլիմպիական խաղերի մթնոլորտը:
- Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:
- Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:
- Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:
- Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ ձեզ լավ գիտեն:
- Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:
- Հետաքրքիր է՝ ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:
- Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:
- Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:
- Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:
- Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում ձեզ բոլորը ճանաչում և ձեզ համար ցավում են: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:
- Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:
- Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են ձեր և ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:
- Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:
- Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:
- Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:
- Հետաքրքիր է՝ ձեր առաջին օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:
- Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:
- Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:
- Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:
- Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...
- Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:
Բլից
- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
- Մեկ ամբողջ օր չէ, բայց շատ մարզիկներ կան, որոնց հետ կուզեի շփվել ու խորհուրդներ ստանալ:
- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ ձեզ տվել են:
- Չընկճվել ու պայքարել մինչև վերջ:
- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
- Իմ ընտանիքը:
- Ձեր կյանքի կանոնները:
- Չկան: Ինձ համար կյանքը պայքար է. պետք է միշտ պայքարենք:
- Ինչի՞ց եք վախենում:
- Վախեր չունեմ:
- Ինչի՞ն եք հավատում:
- Աստծուն:
- Ի՞նչ վերնագիր կունենար ձեր մասին գիրքը:
- Շատ վերնագրեր կարող էր ունենալ:
- Հարց, որին անպայման կուզեիք պատասխանել, բայց երբեք չեն հարցրել:
- Կարծում եմ՝ բոլոր հարցերը տվել են: