Օլիմպիական խաղերի բացման օրը հրկիզումների պատճառով Ֆրանսիայում գնացքների երթևեկությունը խափանվել է
Օլիմպիական խաղերի բացման օրը կանխամտածված հրկիզումները խափանել են ֆրանսիական արագընթաց TGV գնացքների շարժը, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային երկաթուղային SNCF ընկերության հայտարարությունը:
«Այս գիշեր SNCF-ը դարձել է մի քանի միաժամանակյա չարամիտ գործողությունների թիրախ, որոնք ազդել են Ատլանտյան, Հյուսիսային և Արևելյան արագընթաց գնացքների գծերի վրա: Հրդեհումները միտումնավոր են իրականացվել՝ նպատակ ունենալով վնասել մեր օբյեկտները», — ասվում է հայտարարության մեջ:
Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտից դադարեցվել է երթևեկությունը Փարիզի և Լիլի միջև.
SNCF-ը նշում է, որ նորմալ գրաֆիկի վերադարձ սպասվում է միայն հուլիսի 29-ին։
Բացի այդ, ընդհատվել է հաղորդակցությունը Փարիզի և երկրի արևմուտքում գտնվող Տուր և Լը Ման քաղաքների միջև։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև արևելյան ուղղությամբ, որտեղ զգալիորեն խաթարված է նաև գնացքների երթեւեկությունը։ Այս երկու գծերի սպասարկման վերսկսումը սպասվում է հուլիսի 27-ին։
SNCF-ը հայտնել է, որ հարավ-արևելյան գծում դիվերսիա է կանխվել, և այնտեղ հաղորդակցությունները չեն խաթարվել։ SNCF-ի ղեկավար Ժան-Պիեռ Ֆարանդուի խոսքով՝ գնացքների երթեւեկության խափանումները կազդեն մոտ 800 հազար մարդու վրա։
Ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի կունենա ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։