Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 26-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում տեսավ, որ անմշակ հողեր կան և խիստ նեղվեց, ասաց․ «Այսպիսի բան չպետք է լինի: հասկացանք, որ մասնավոր սեփականություն է, բայց հողը չպետք է պարապ մնա: Եթե չեք օգտագործում, տվեք ուրիշն օգտագործի»:
Բայց պարզվեց՝ դա միակ հողը չէ, որ չի մշակվում, այլ՝ չի մշակվում գյուղի հողատարածքների կեսից ավելին։ Մասնավորապես, Արաքսն ունի 1000 հեկտար վարելահող, մշակվում է ընդամենը 400-ը, իսկ 600-ը պարապ է։
Հիշեցնենք, թե ինչ էր Նիկոլ Փաշինյանը խոստանում չմշակվող հողերի մասով․
21.05.2019թ․, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողով էր տեղի ունենում Գիտությունների ազգային ակադեմիայում։ Այստեղ ելույթ ունենալով՝ խոստացավ պարապ հող չթողնել և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել:
Սակայն դրանից երկու տարի անց՝ 28․04․2021թ․, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։ Այսինքն՝ խոստումը չի կատարել։
Դրանից էլ ավելի քան երեք տարի անց, պարզվում է, որ իրավիճակը շարունակում է վատթարանալ․ օրինակ իր այցելած գյուղում 60 տոկոսը չի մշակվում։
Արաքսում, կոնկրետ, հողի չմշակման պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։
Իսկ ի՞նչ էր խոստանում Նիկլ Փաշինյանը ոռոգման ջրի մասով։ 10.08.2018թ․ հանդիպում է Տավուշի մարզի համայնքապետերին և ասում․ «Պետք է հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»:
Այս ելույթից 6 տարի անց նա զարմանում է, թե ինչու հողերը չեք մշակում․ պատասխանում են, որ ջուր չկա։
Ի դեպ, թեև Փաշինյանը իրոք ցույց տվեց, որ զարմացած է, որ ոռոգման ջրի պատճառով չի մշակվում, բայց հոսանքին հավասար ոռոգման ջուր խոստացած Փաշինյանը 13․04․2023թ․ կառավարության նիստում հայտարարել է արդեն․ «Բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ խոստանում էր պարապ հող չթողնել, հոսանքին հավասար ոռոգման ջուր տալ, այսինքն՝ բոլորը կունենան, քանի որ բոլորը հոսանք ունեն, այլժմ էլ խոստանում է, որ ջուր չի լինելու։